USA despanatun

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ ԱՄՆ կառավարության կողմից սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի հանձնման արարողությունը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարեց, որ «տարեցտարի զարգացող մեր գործընկերությունը, որն ուղղված է արձագանքման տարածաշրջանային արդյունավետ ներուժի ստեղծմանը, մեզ թույլ է տվել արձագանքել Հայաստանի եւ աշխարհի առջեւ կանգնած մարտահրավերներին»:

Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 8-ին Արցախ էին այցելել ԱՄՆ կոնգրեսի անդամներ Ջենի Սփիերին եւ Ջուդի Չուն, որոնք հայտարարեցին, որ իրենց նպատակը զորքերի շփման գծում վերահսկողության սարքեր տրամադրելու համար պայմանների ուսումնասիրումն է: Դա ըստ էության ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ առաջարկած Վիեննայի օրակարգն է, եւ հնարավոր է՝ Մինսկի խմբի մյուս համանախագահի կողմից այդ օրակարգի չեղարկման փորձերն ԱՄՆ-ին մղել են «միակողմանի» գործողության: Թեեւ, դրա մի փուլն արդեն իսկ իրականացվել է՝ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը ամերիկյան սարքավորումներով ամրացրել է շփման գիծը:

Փաստացի, ԱՄՆ-ը որոշել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով հայկական կողմում ուժեղացնել վերահսկողությունը:

Հատկանշական է, որ այս ամենը համընկավ Սիրիա թուրքական ներխուժման հետ, որն անկասկած ուներ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի լուռ կամ բացահայտ հավանությունը: Միեւնույն ժամանակ, ներխուժումից անմիջապես հետո ԱՄՆ-ն սկսեց Թուրքիային սպառնալ պատժամիջոցներով, այն բանից հետո, երբ թուրքական զորքը ռմբակոծեց ամերիկյան ստորաբաժանման տեղակայման վայրը: Հետաքրքիր է, որ նույն օրը, ըստ ԶԼՄ-ների, Սիրիայի հարավում պայթյուն էր պատրաստվել նաեւ ռուսական զինվորական շարասյան դեմ:

Եվրամության առաջատար երկրները դատապարտել են թուրքական ներխուժումը, մի շարք երկրներ հայտարարել են Թուրքային զենքի մատակարարման դադարեցման մասին: Դատապարտող հայտարարություններ են արել նաեւ այլ երկրներ: Թուրքիային աջակցություն է հայտնել Ադրբեջանը:

Համաշխարհային ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել խաղաղ բնակչության շրջանում զոհերի, լրագրողների սպանության մասին: Ակնհայտ է, որ Թուրքիայի շուրջ միջազգային որոշակի մթնոլորտ է ձեւավորվում, մի կողմից ագրեսորի, մյուս կողմից՝ հակամարդկային կերպարով:

Ակնհայտ է, որ թուրքական ներխուժման շուրջ ձեւավորվում է միջազգային լայն ու բազմաշերտ քաղաքականություն: Այդ առիթն անկասկած օգտագործվելու է որոշակի խնդիրների լուծման համար:

Այս ֆոնին, Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախի ԱԳՆ ու ՀՅԴ կազմակերպած Արցախի բարեկամների աննախադեպ միջազգային համաժողովը, որին ներկա էին տարբեր երկրների պատգամավորներ, քաղաքական գործիչներ: Հայտարարվեց Արցախի բարեկամների «Պրո Արցախ» միջազգային ցանցի ստեղծման մասին, որի նպատակը Արցախի միջազգային ճանաչելիության բարձրացումն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...