Georgia

Հոկտեմբերի 15-ին Երեւան է ժամանում Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Դա լինելու է այդ պաշտոնում նրա առաջին այցը Հայաստան: Մինչ այդ, Գախարիան այցելել էր Ադրբեջան:

Վրաստանի վարչապետի ադրբեջանական այցը ընթանում էր Դավիթ Գարեջիի վանական համալիրի եւ ընդհանրապես վրաց-ադրբեջանական սահմանային վեճերի թեժ ու աղմկոտ իրադրության ֆոնին: Ավելին, Վրաստանի վարչապետից առաջ խնդրի վերաբերյալ բավականին կոշտ նամակ էր հրապարակել Վրաց եկեղեցու առաջնորդը՝ Կաթողիկոս Իլյա Երկրորդը:

Բաքու այցից հետո Վրաստանի վարչապետը հայտարարեց, թե երկու երկրների միջեւ խնդիրները չեն կարող առաջացնել բարեկամների հակադրություն եւ դրանք կլուծվեն գործակցության ճանապարհով, ու այդ մասին պետք է իմանան Վրաստանի թե բարեկամները, թե թշնամիները:

Ու՞մ նկատի ուներ Վրաստանի վարչապետը «թշնամի» ասելով: Ադրբեջանում օրինակ փորձում են ներկայացնել խնդիրն այնպես, իբր հայերն են ձգտում վրաց-ադրբեջանական հակադրության:

Մինչդեռ ակնառու է, որ այդ «մոգական բանաձեւն» ադրբեջանցիները փորձում են դարձնել սանձ Վրաստանի համար, քողարկելով Վրաստանի հանդեպ իրենց հավակնություններն ու էքսպանսիոն մտադրությունները, որոնք իրականացնում են քայլ առ քայլ: Վրաստանից փոքր ինչ դիմադրության պարագայում մեջտեղ է բերվում «մոգական բանաձեւը»՝ հայերն ուզում են մեզ թշնամացնել:

Ազդե՞լ է բանաձեւը Վրաստանի վարչապետի վրա, թե՞ Թբիլիսին պարզապես չի ուզում ներկայում սուր հակադրության մեջ լինել Բաքվի հետ, համարելով, թե ռեսուրսային առումով բարդ կլինի ներկայիս աշխարհքաղաքական շրջափուլում դիմակայությունը վարել կոշտ ռեժիմով:

Այդ ֆոնին հատկանշական է այն, որ Վրաստանի վարչապետի այցից առաջ որոշակի սկանդալային իրավիճակ է հայ-վրացական տիրույթում: Համենայն դեպս բարձրացել է աղմուկ այն բանից հետո, երբ վրաց սահմանապահները թույլ չեն տվել հայաստանցի որոշ լրագրողների մուտքը: Թե որն է դրա պատճառը, վրացական կողմը բացատրություն չի ներկայացրել: Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ սպասում են բացատրության, ինչից հետո հայտարարություն կանի Վրաստանում Հայաստանի դեսպանատունը:

Միջադեպը հատկանշական է հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձության ֆոնին: Հայաստանում ԵՏՄ Վեհաժողովին Պուտինին վրացական տարածքների օկուպացիայի մասին հարց ուղղեց Ռուսթավի 2 վրացական հեռուստաընկերության լրագրողը:

Ի դեպ, այդ հանգամանքը դարձավ Հայաստանի իշխանության հասցեին ռուսական եւ Հայաստանի նախկին իշխանական մի շարք շրջանակների քննադատության առարկա, որ Երեւանը «թույլ է տվել» Վրաստանի լրագրողին այսպես ասած սուր հարցով հարամել Պուտինի Վեհաժողովը:

Ահա այդ ֆոնին, Վրաստանը թույլ չի տալիս հայաստանցի լրագրողների մուտքը, Վրաստանի վարչապետի այցից առաջ ստեղծելով բացարձակապես անտեղի թվացող լարվածություն: Համենայն դեպս, ու՞մ է պետք այդ լարվածությունը:

Հայաստանի հաշվին որեւէ հարց լուծելու վրացական որեւէ ակնկալիք դատապարտված է լինելու ոչ թե լուծումների, այլ եղած խնդիրներն ավելի բարդացնելու: Մինչդեռ կարող է լինել մի աստիճան, որից այն կողմ Հայաստանն էլ չի կարող ոչնչով օգնել Վրաստանին, որին սեղմում են չորսից երեք կողմերից, բացառությամբ Հայաստանի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...