Լուսավոր Հայաստան խորհրդարանական խմբակցությունը մտադիր է հաշվետվություն պահանջել խորհրդարանական մեծամասնությունից եւ ՍԴ դատավորի պաշտոնում այդ մեծամասնության ընտրած դատավոր Վահե Գրիգորյանից, այն հայտարարության համար, որ նա արել է ՍԴ կապակցությամբ:

Գրիգորյանը հայտարարել է, որ ՍԴ չկա, ՍԴ-ն լեգիտիմ կառույց չէ, եւ դրանով է բացատրել այն, որ ինքը չի մասնակցում ՍԴ աշխատանքին:

Վահե Գրիգորյանն իր մոտեցումը վերհաստատել էր օրերս Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում, ասելով նաեւ, որ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության մասին դիմում ներկայացնելով ՍԴ, խորհրդարանական մեծամասնությունն անգամ չի էլ մոտեցել ՍԴ ճգնաժամի հանգուցալուծմանը:

ՍԴ առնչությամբ Գրիգորյանն իր մոտեցումը հնչեցրեց երդման արարողության առիթով ելույթում, երբ հայտարարեց դատավոր-անդամ «դիլեմայի» մասին եւ նշեց, որ գնում է ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու: Վահե Գրիգորյանն իր այդ մոտեցումը բարձրաձայնեց ոչ թե խորհրդարանում իր ընտրության քննարկման ժամանակ ունեցած ելույթում, այլ ընտրվելուց հետո:

Փաստացի, Վահե Գրիգորյանը խորհրդարանից «գաղտնի» էր պահել իր դիրքորոշումը: Նրա երդման արարողության ելույթը անակնկա՞լ էր խորհրդարանի մեծամասնության համար: Բանն այն է, որ իրավիճակի հանգուցալուծման առումով Գրիգորյանի մոտեցումները խորհրդարանի մեծամասնությունը առնվազն մինչ այժմ փաստորեն չի կիսում: Դրա մասին է վկայում Վահե Գրիգորյանի «դիվանագիտական», բայց ըստ էության կոշտ գնահատականը՝ մեծամասնությունը չի էլ մոտեցել ճգնաժամի հանգուցալուծմանը:

Եթե խորհրդարանի մեծամասնությունը Վահե Գրիգորյանի դիրքորոշմանը ծանոթ լիներ մինչեւ նրա ընտրությունը, ինչ կլիներ այդ դեպքում: Խորհրդարանը կընտրե՞ր Գրիգորյանին: Որովհետեւ տրամաբանությունը հուշում է, որ ծանոթ լինելով մոտեցմանը, պետք է որ Գրիգորյանին հարցնեին, թե ինչ լուծում է նա պատկերացնում: Իսկ դատելով այն հանգամանքից, որ հետագա զարգացումներում խորհրդարանը փաստորեն գոնե առայժմ չի կիրառել Գրիգորյանի պատկերացրած լուծումները, պետք է ենթադրել, որ մինչեւ ընտրվելը նրա առաջադրած լուծումների պարագայում խորհրդարանը պետք է որ չընտրեր Վահե Գրիգորյանին: Քանի որ համենայն դեպս առայժմ պարզ հարց է առաջանում՝ ընտրել են, որ գնա ՍԴ ի՞նչ անի:

Թե՞ հենց դրա համար է խորհրդարանի մեծամասնությունն ընտրել Վահե Գրիգորյանին: Ավելի ամբողջական եւ հստակ պատկերը կուրվագծվի Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու դիմումը վարույթ ընդունելը մերժելու մասին ՍԴ որոշմանը հաջորդելիք քայլերում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...