Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներողություն չի խնդրելու ՀՀԿ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանն ասել էր. «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Այս արտահայտությունը բուռն քննարկումների առիթ է դարձել:

Այսօր Ազգային ժողովում լրագրողներն Անդրանիկ Քոչարյանին հարցեր են ուղղել իր այդ խոսքերի մասին: Քոչարյանը պատմել է, որ հարցազրույցի ժամանակ պատասխանել է Արփինե Հովհաննիսյանին, որն ավելի վաղ իր անունն էր շոշափել ունեցվածքի հայտարարագման վերաբերյալ խոսքում: Քոչարյանը պարզաբանում է, որ նկատի է ունեցել, որ իր անունը հոլովելու փոխարեն Հովհաննիսյանը կարող էր այլ անուն հոլովել՝ ենթադրենք իր մայրիկի կամ ընտանիքի այլ անդամի, եթե խոսքը նախկինում հայտարարագրված ունեցվածքի մասին է: «Որքան հասկացա, բոլորը վիրավորվել են բացի Արփինե Հովհաննիսյանից», – ասել է Քոչարյանը:

Քոչարյանը նշել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել և ավելացրել, որ եթե վիրավորել է Հովհաննիսյանի հայրիկին, պատրաստ է հանդիպել հայրիկին ու քննարկել առաջացած խնդիրը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...