Arpine Hovhannisyan

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցազրույց էր տվել, որտեղ՝ անդրադառնալով օրեր առաջ խորհրդարանի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի իրեն հասցեագրված վիրավորական ու չհիմնավորված մեղադրանքներին, վերջինիս հասցեագրել էր արտահայտություններ, որոնք սոցիալական ցանցերում բուռն քննարկումների տեղիք են տվել։

Չեմ վիճում՝ Քոչարյանը պետք է ավելի շրջահայաց լիներ ու ավելի նրբանկատ գտնվեր արտահայտություններն ընտրելիս, այնուամենայնիվ՝ տարակուսելի է նախկինների բարձրացրած աղմուկը, որտեղ ավելի շատ ոչ թե կնուջը պաշտպանելու մղումն է, այլ՝ դեմագոգիան, իրականությունը կեղծելու անհագ ու ցինիկ ցանկությունը։

Ցանկացած մարդ որոշակի իրավիճակում կարող է ձևակերպումների ընտրության հարցում սայթաքել, սակայն պետք չէ կառչել կոնկրետ բառերից՝ անտեսելով Քոչարյանի խոսքի բովանդակությունը, զրպարտությունից ինքնապաշտպանվելու նրա իրավունքը։ Վստահ եմ՝ Քոչարյանին ճանաչող ցանկացած ոք կպնդի, որ նա խորհրդարանի ամենապատրաստված պատգամավորներից մեկն է՝ քաղաքական ու բարոյական մեծ ներուժով, փորձառությամբ ու չունի որևէ կաշկանդող հանգամանք՝ նախկին համակարգի որևէ ներկայացուցչի գնահատական տալու հարցում։ Ըստ այդմ՝ նույնիսկ ծիծաղելի է, երբ նախկին համակարգի գործիչները փորձում են կնոջը պաշտպանել Անդրանիկ Քոչարյանի իբրև թե ոտնձգություններից, որովհետև վերջինիս խոսքերը վստահաբար անձնավորված չեն ու հասցեագրված չեն կոնկրետ անձի՝ Արփինե Հովհաննիսյանին։

Պատգամավորը պատասխանել է ԱԺ նախկին փոխնախագահի քարոզչական մանիպուլյացիային, եթե կուզեք՝ տեղեկատվական այն աղբին, կեղծիքին, որը հեղափոխության հաղթանակից հետո հետևողականորեն տարածվում է քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող լրատվամիջոցների, իրենց կոմֆորտը ու փափուկ աթոռները կորցրած նախկին պաշտոնյաների կողմից։ Հեղափոխության դեմ վարվում է ամենացինիկ ու աննախադեպ քարոզչական պատերազմը՝ ուղղորդված մեկ կենտրոնի կողմից, ու նախկինները դեռ զարմանում են, որ հեղափոխության թիմի ներկայացուցչի կողմից կարող են լսել կոշտ արտահայտություն։

Կրկնում եմ՝ խնդիրը Անդրանիկ Քոչարյանին պաշտպանելը չէ, մանավանդ, որ պետականության ակունքներում կանգնած այդ մարդը պաշտպանության կարիք, ըստ էության, չունի։

Խնդիրն ավելի խորքային է։ Ովքե՞ր են խոսում քաղաքական էթիկայի ու կոռեկտության մասին։ Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ հանդուրժել են քաղաքական սպանություններն ու թալանը, ովքեր ծնել են «Շմայիսներ» ու «Ալրաղացի Լյովիկներ», քրեական մականունավորներ, ովքեր խորհրդարանը իջեցրել էին քրեական բազարների նշաձողի։ Ահա, այս մարդիկ են հիմա խոսում քաղաքական կոռեկտությունից ու բարոյականության դասեր են տալիս Անդրանիկ Քոչարյանին, ով տարիներ շարունակ հետևողականորեն պայքարել է կոռումպացված համակարգի, նրա գործած հանցանքների ու ոճրագործությունների դեմ։ Եթե նույնիսկ այս մեկ դրվագով Քոչարյանը սայթաքել է, ապա որևէ մեկը չի կարող կասկածել նրա սկզբունքայնությանը, Մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտելու հարցում նրա հետևողականությանը։ Մենք հո գիտենք, որ Անդրանիկ Քոչարյանին չեն ներում հատկապես Մարտի 1-ի բացահայտումը։

Եթե երիտասարդ հանրապետականները նեղսրտելու առիթ ունեն, ապա սխալ են ընտրել թիրախը։ Նրանց կարիերան քացու տակ է տվել Սերժ Սարգսյանը՝ մսխելով ոչ միայն երկրի, այլ նաև՝ սեփական կուսակցության, թիմի ռեսուրսները։ Անցյալի աղմուկը ապագա չի կերտում, դուրս եկեք տեղապտույտից, գտեք ձեր մեջ համարձակություն՝ անցյալում թողնել Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։

Այդ պարագայում գուցե ձեր պոտենցիալը չմսխեք նոր Հայաստանը վարկաբեկելու կամ Անդրանիկ Քոչարյանի դեմ պատերազմում միավորներ վաստակելու վրա ու մտածեք ապագա ձևավորող օրակարգի մասին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...