Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը չեն քննարկում պայմանագրի խզման հարց, այլ քննարկում են ապագայի և ներդրումների հետ կապված հարցեր:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանի երկաթուղիների հավատարմագրային կառավարմանը, որի իրավունքը «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը Հայաստանի կառավարության հետ պայմանագրով ստացել է 2008 թվականին՝ 30 տարի ժամկետով: Անցյալ 11 տարիների ընթացքում, սակայն, ամենատպավորիչ ձեռքբերումը գրեթե տասնամյակ անց մի քանի նոր վագոններն են, որոնք «զարդարում» են Երևան-Գյումրի ուղղությունը, այն էլ այնպես ու այնքան, որ ներհանրապետական այդ ուղղությամբ հարմարավետությունը զգալու համար պետք է պայքարել տոմսի համար նախապես: Դրա փոխարեն, Հայաստանի պետական բյուջեն տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ փոխհատուցում է հատկացրել հավատարմագրային կառավարչին, այսպես ասած՝ վնասների դիմաց:

Այդպիսով, Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարման առնվազն առաջին 11 տարիների, թերևս, ամենամեծ ձեռքբերումն այն է, որ երկաթուղին, որպես այդպիսին՝ կա: Զարգացման մասին խոսելը ընդհանրապես անիմաստ է: Բայց այդ մասին խոսվել է, և խոսվել է առանձնահատուկ մի օր՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին: Մոսկվայում հանկարծ ԵՏՄ-ին միանալու մասին հայտարարած Սերժ Սարգսյանը խոսում էր Հայաստան ռուսական մեծ ներդրումների մասին, որոնց շարքում հայտարարվում էր հայկական երկաթուղում «Ռուսական երկաթուղիների» մոտ 15 միլիարդ ռուբլու ներդրման մասին: Սակայն այդ «մանանան», որ պետք է ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մեծ ներդրումների տեսքով ընկներ Հայաստանի վրա, Հայաստանի՝ և Արցախի վրա էր ընկնում ադրբեջանական ավելի ու ավելի ուժգին հրետանակոծումների և հրթիռակոծումների տեսքով:

Դեպքերի զարգացման հետագա ժամանակագրությունն իհարկե կրկնելու կարիք, թերևս, չկա: Ի՞նչ է փոխվել այժմ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո: Փոխվել է այն, որ Հայաստանի իշխանությունը հայտարարել է պայքար կոռուպցիոն համակարգի դեմ, ինչը հանգեցրել է նաև երկաթուղու հավատարմագրային կառավարչի հետ կապված գործերի: Այդ հարցը Փաշինյանը 2018-ի սեպտեմբերի 18-ին քննարկեց նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ մոսկովյան հանդիպմանը: Օրերս, Պուտինի հետ երևանյան հանդիպումից հետո, վարչապետի հյուրն էր «Ռուսական երկաթուղիների» գծավոր տնօրենը, որի հետ էլ քննարկվել են ներդրումային հեռանկարների հարցեր: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ անցյալի կոռուպցիոն ռիսկերի հարցերը փակված են և այդ կապակցությամբ թեմա այլևս չկա:

Բանն այն է, որ մամուլն այս օրերին գրում էր, որ հնարավոր է անգամ, որ ռուս կառավարիչը թողնի երկաթուղին: Փոխվարչապետն այսօր, սակայն, հայտարարում է, որ այդպիսի հարց չի քննարկվում: Այդ դեպքում ի՞նչ կոնկրետ հարցեր են քննարկվում ներդրումների առումով, և արդյոք սեպտեմբերի 3-ից վեց տարի անց միայն ներդրումնե՞րը կհասնեն Հայաստան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...