Վիտալի Բալասանյանը վաղուց է զորացրված, նա Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստացել է Ապրիլյան պատերազմից հետո, եւ այսօրվա քննիչ հանձնաժողովի ուսումնասիրվելիք նյութի մեջ որեւէ օգտակար բան չի կարող փոխանցել։

Այս մասին այսօր ԱԺ-ում՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Բալասանյանին պատրաստվո՞ւմ են հրավիրել հանձնաժողովի նիստերին․

«Ինքը որեւէ պատասխանատվություն չի ունեցել այդ ժամանակ ԶՈՒ գործողությունների համար, չնայած հայտարարել է, որ ապրիլի 2-ին գնացել է համապատասխան պաշտպանական շրջան եւ հրամաններ է իջեցրել, որի իրավունքը չուներ։ Դա ավելի շատ նման է PR գործողությունների, որը բանակի կառավարման հետ որեւէ աղերս չուներ»,- շեշտեց Քոչարյանը։

Նա նշեց, որ եթե Վիտալի Բալասանյանը պնդի, որ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ մեծ տեղեկատվություն է կրում՝ զբաղեցնելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, բնականաբար, հանձնաժողովը կքննի եւ եթե նպատակահարմար գտնի, նրան կհրավիրի հանձնաժողով. «Բալասանյանը եւ այն ժամանակվա հաղթանակները կերտած շատ հրամանատարներ կարող էին իրենց աջակցությունը հայտնել, ինչպես ազատամարտից շատ շատերը գնացին առաջնագիծ, շատերն օգնեցին։ Այստեղ օգնելու շատ բաներ կա։ Բայց հիմա կարծես մտել ենք Արցախ-Հայաստան խարդավանքների փուլ, եւ դա կարող է խանգարել այն մարդկանց, որոնք անաչառ պետք է բանակի շահերից ելնելով՝ հանձնաժողովին տան ճիշտ եւ օբյեկտիվ տեղեկատվություն»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...