Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվելու Արսեն Բաբայանին կալանքի տակ պահելու համար

- in Ով ով է ...
ara-babloyan

Ինձ կարող են մեղադրել միայն մի բանում, որ օգնել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալ, ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի կապակցությամբ հայտարարել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:

Ես կարող եմ մի հարցի շուրջ պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում,- ասել է Բաբլոյանը:

Արա Բաբլոյանն ունի կասկածյալի կարգավիճակ, ըստ ԶԼՄ-ների՝ նրան վաղը կարող է մեղադրանք առաջադրվել: Այս գործով կալանավորված է Բաբլոյանի օրոք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը: Գործը հարուցվել է ԱԺ պատգամավորներից մեկի հաղորդման հիման վրա, ըստ որի՝ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել փաստաթղթերի կեղծմամբ՝ նա ՍԴ դատավոր է ընտրվել առանց մանդատը վայր դնելու:

Արա Բաբլոյանն իր աղմկոտ հայտարարության մեջ մատնանշում է հենց այս հանգամանքը, երբ զուգահեռ է անցկացնում Նիկոլ Փաշինյանի հետ: Այս հայտարարությունից հետո ՀՔԾ-ն հրապարակայնացրել է Բաբլոյանի հարցաքննության այդ մասը: Քննիչի հարցին ի պատասխան ԱԺ նախկին նախագահն ասել է.

«Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել: Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում: Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 թ. փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են»:

Փաստացի, Արա Բաբլոյանը նշում է, որ եթե խախտում է կատարել Հրայր Թովմասյանի հարցում, ուրեմն խախտում է կատարել նաեւ Նիկոլ Փաշինյանի դեպքում: Եվ հակառակը՝ եթե դա խախտում չէ, պետք է վերաբերի երկուսին էլ:

Այս քրեական գործը շատերը գնահատում են որպես Հրայր Թովմասյանին «պաշարելու» միջոցներից մեկը, ով իրեն հռչակել է վերջին բաստիոն: Նշվում է նաեւ, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվելու Արսեն Բաբայանին կալանքի տակ պահելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments