ara-babloyan

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ hատուկ քննչական ծառայութունը որպես կասկածյալ երեկ հարցաքննել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին:

Նա իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքով՝ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի` Բաբայանը օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ՍԴ լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: Ահա այս քրեական գործի շրջանակներում իշխանությունը յուրացնելու կասկածանքով ներգրավվել է նաեւ Ա. Բաբլոյանը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՔԾ-ից:

Նշենք, որ երեկ հարցաքննությունից հետո նրան մեղադրանք չեն առաջադրել, բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ըստ ամենայնի, հենց այսօր արդեն կառաջադրեն մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը):

Խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, եւ Բաբլոյանը, ըստ մեղադրանքի, դիմումը պաշատոնապես դեռեւս չստացած, ապօրինի ստորագրել է այն ու հանդես եկել ՍԴ նախագահի հրաժարականի մասին հայտարարությամբ: Այստեղ թերեւս դժվար չէ հետեւություն անել, որ առանց Գագիկ Հարությունյանի տված համապատասխան ցուցմունքի Բաբլոյանին չէին կարող թերեւս ներգրավել այս հարցում:

Կկալանավորվի ԱԺ նախկին նախագահը, թե ոչ, դժվար է ասել, բայց որ ստիպված է լինելու ցուցմունքներ տալ, կասկածից վեր է: Ու այդ դեպքում արդեն պարզ կդառնա` ով է եղել մասնագիտությամբ ոչ իրավաբան, մանկաբույժ Բաբլոյանի իրավական խորհրդատուն այս հարցում: Եթե Հրայր Թովմասյանն է եղել, ստիպված կլինի խոստովանել այդ մասին իր տված ցուցմունքներում: Ու այդ ժամանակ արդեն Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը կդառնա տեխնիկական հարց:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...