Եթե ինձ ինչ որ բանում հնարավոր է մեղադրել, ապա Նիկոլ Փաշինյանին իշխանության գալուն նպաստելու հարցում: Այդ հայտարարությունն արել է Ազգային Ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, որը ներկայում որպես կասկածյալ ներգրավված է Հրայր Թովմասյանի գործում:

Ըստ այդ գործի, Թովմասյանն օրենքը շրջանցելով «ժամանակից շուտ» դարձել է ՍԴ նախագահ, որ պաշտոնավարի ոչ թե վեց տարի, այլ մինչեւ թոշակի ժամկետ: Գործով կա մեկ կալանավորված՝ Արսեն Բաբայանը, որն այդ ժամանակ ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականն էր:

Նիկոլ Փաշինյանին իշխանության գալուն նպաստել է իհարկե հանրությունը, եւ այդ իմաստով Արա Բաբլոյանի հայտարարությունն անշուշտ ավելի շատ հռետորական է հնչում, որովհետեւ հանրությունը մայիսի 2-ին ստիպեց, որպեսզի Արա Բաբլոյանի գլխավորած խորհրդարանը հայտարարի «ժողովրդի թեկնածուին» վարչապետի պաշտոնում հավանության արժանացնելու որոշման մասին:

Միեւնույն ժամանակ, ԱԺ նախկին նախագահի խոսքն անշուշտ պարունակում է քաղաքական տողատակեր, որոնք առնչվում են Հայաստանում տեղի ունեցած վերափոխումների բավական լայն շրջանակի: Եվ այդ շրջանակում Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնում «ժամանակից շուտ» հայտնվելը թերեւս դրվագներից մեկն է միայն, ընդ որում ամենեւին ոչ առաջինը:

Իսկ առաջինը գուցե հենց ԱԺ նախագահի պաշտոնին Արա Բաբլոյանի առաջադրումն էր, որ արեց Սերժ Սարգսյանը 2017 թվականի խորհրդարանի անաղմուկ ընտրությունից հետո: Բաբլոյանի առաջադրումը բավական անակնկալ էր, հաշվի առնելով այն, որ ՀՀԿ պատգամավորական կորպուսում եղած Բաբլոյանն այդուհանդերձ որեւէ կերպ չէր ուրվագծվել որպես պետության դե ֆակտո երկրորդ պաշտոնի հավակնորդ, լինելով առավելապես ապաքաղաքական ֆիգուր:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի համար 2017-ի խորհրդարանը ոչ թե հենարան, այլ անցումային խորհրդարան էր՝ նախագահական մոդելից խորհրդարանական մոդելի անցման: Արա Բաբլոյանի նշանակումը խորհրդանշական էր, այն էլ հատկապես նրա բժիշկ լինելու հանգամանքով:

Այդ իմաստով, Բաբլոյանը գործնականում Սերժ Սարգսյանի «անցումային դեսպանն» էր Հայաստանի ներքին գործընթացներում, որոնք 2018-ի մայիսից ունեցան արմատապես այլ ընթացք: Բայց, Բաբլոյանի «անցումային դեսպանի» կարգավիճակը գործնականում չփոխվեց, ինչի հատկապես վառ վկայությունն էր 2018-ի օգոստոսը:

Օգոստոսի 17-ի հայտնի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը չափազանց կոշտ արձագանք հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, որի առիթով ստացվել էր նաեւ այն ժամանակ Լավրովի հայտնի արձագանքը Մոսկվայից: Փաշինյանը հայտարարեց ուղիղ ժողովրդավարության, անցումային արդարադատության մասին: Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի ելույթում փաստացի ակնարկում էր հետհեղափոխական սիրո եւ հանդուրժողության բալանսի խախտման մասին:

Այդ ելույթին արձագանքեց հենց Արա Բաբլոյանը, որը նախաձեռնեց ներքաղաքական հանդիպումների շարք, գործնականում ստանձնելով այդ բալանսը վերականգնելու առաքելությունը: Բաբլոյանի խնդիրն էր խոշոր հաշվով բանակցելով հիմնական կողմերի, առաջին հերթին վարչապետի հետ՝ հավաստիացնել, որ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական հավակնություններով Սերժ Սարգսյանի «բալանսում» չէ:

Միաժամանակ հատկանշական էր, որ այդ գործընթացի մեկնարկից գործնականում մեկ ամիս անց ԱԺ-ում հայտնի օրենսդրական նախաձեռնությամբ արագացվեց արտահերթ ընտրության գործընթացը:

Արա Բաբլոյանը հիշեցնու՞մ է այդ ամենում իր դերակատարումը Նիկոլ Փաշինյանին, թե հերթական անգամ է փորձում ակնարկել սիրո եւ հանդուրժողության ռազմավարական «բալանսի» մասին:

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ։

«Ամեն ինչ արել եմ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան»,- «Արաբկիր» ԲԿ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Բաբլոյանը՝ ավելացնելով. «Ես որևէ հարցում մեղավոր չեմ, և ինձ կարող են մեղադրել միայն մեկ հարցում, որ նպաստել եմ Փաշինյանը գա իշխանության»։

Բաբլոյանը հայտարարեց, որ մի քիչ նեղված է իրավապահներից, քանի որ իրեն հարցաքննելը հրատապ չէր, սակայն իրեն տարել են հարցաքննության վիրահատության ընթացքում։ Իսկ այդ վիրահատությանը, ըստ Բաբլոյանի, նա պատրաստվել էր 20 տարի։ Նա հայտնեց նաև, որ հարցաքննությունից հետո վերադարձել ու մասնակցել է վիրահատության ընթացքին։

«Քննիչներն ինձ ասացին` անհապաղ պետք է քննչական մարմին ներկայանամ։ Ես էլ չուզեցի, որ հասարակությունը կարծի` խուսափում եմ, դրա համար էլ կիսատ թողեցի վիրահատությունն ու գնացի նրանց հետ»,–ասաց նա։

Ի դեպ, խոսքը վերաբերում է «Արաբկիր» ԲԿ–ում երեկ կատարված լյարդի փոխպատվաստմանը. առաջին անգամ Հայաստանում երեխայի լյարդի փոխպատվաստում էին արել, որին մասնակցել է նաեւ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։

ՀՔԾ–ում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությունը տևել է մոտ երեք ժամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արա Բաբլոյանը:

Անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու հարցին, Բաբլոյանն ասել է. «Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ դիմում գրել, ես կարող եմ մի հարցի պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես օֆիցիալ հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...