Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուրախ է արձանագրել Սոչիի Պուտին-Էրդողան պայմանավորվածությունների առնչությունը նաև սիրիահայ համայնքի անվտանգությանը:

Պուտինն ու Էրդողանը օրեր առաջ Սոչիում մոտ վեց ժամ տևած հանդիպմանը պայմանավորվել էին Սիրիայի հյուսիսում, այսպես ասած, ստատուս-քվոյի շուրջ, որի շուրջ պայմանավորվածության առաջին մասը տեղի էր ունեցել Անկարայում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Էրդողանի հանդիպմանը:

Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման օրերին Աշխաբադում ՀԱՊԿ վեհաժողովից հետո՝ հաջորդ օրը, Նիկոլ Փաշինյանը Երևանից հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ այդ կապակցությամբ գրառում անելով Ֆեյսբուքում, որ Պուտինին դիմել է հայկական համայնքի անվտանգությանն առնչվող հարցով և ստացել արագ ու դրական արձագանք: Թե հատկապես ինչ բովանդակությամբ է եղել Պուտինին Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ կապված սիրիահայության անվտանգության հետ, մանրամասներ հայտնի չեն, սակայն հնարավոր է ենթադրել, որ խոսքը վերաբերել է հայկական համայնքը՝ հատկապես Կամիշլիում, որը ռազմագործողությունների գոտու ամենահայաշատ բնակավայրն է, թուրքական ռազմագործողությունների թիրախ չդառնալուն: Ըստ ամենայնի, Երևանը այդ հարցով դիմել է Մոսկվային Թուրքիայի հետ քննարկումներում հայերի «անձեռնմխելիության» հանգամանքը օրակարգում պահելու համար:

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ Սոչիի հանդիպմանը հայերի համար անվտանգության տեսանկյունից կարևոր հարցի ներառումը վկայում է հայ-ռուսական հարաբերության բարձր մակարդակի մասին: Այստեղ իհարկե հարց է առաջանում, թե արդյոք Մոսկվան իր հերթին որևէ բան չի՞ ակնկալել Երևանից՝ Երևանի ակնկալիքը ռուս-թուրքական քննարկումներում պաշտպանելու և հայերի անվտանգության հարցի ուղղությամբ լուծումներ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, սակայն, հարկ է արձանագրել, որ լուծված է ոչ միայն զուտ հայության, այլ նաև Հայաստան պետության համար նշանակալի խնդիր՝ հայերի անվտանգության ապահովում Հայաստանի սահմանից դուրս, ռազմական թատերաբեմի վերածված Սիրիայի հյուսիսում: Իսկ այդ հարցում Հայաստանի՝ հասկանալիորեն սահմանափակ հնարավորության պայմաններում լուծման ուղիները բնականաբար պետք է փնտրել արտաքին գործընկերների, տվյալ դեպքում Ռուսաստանի հետ աշխատանքով՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկյան կողմն էլ ակնառու կերպով, այսպես ասած, հստակեցնելով ընդհանուր ռազմավարությունը՝ մանրամասների քննարկումը թողել էր ռուս-թուրքական տիրույթին:

Դրան զուգահեռ՝ հայերի անվտանգությունը էական հարց է նաև ռուսական քաղաքականության պրիզմայով՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանն է փաստորեն գործնականում միակ պետությունը, որն արձագանքել է Սիրիայում հետպատերազմյա մարդասիրական առաքելություն իրականացնելու ռուսական նախաձեռնությանը, և այդ համատեքստում Մոսկվան է հայտնվում որոշակի պարտավորության ներքո՝ առավել ևս հաշվի առնելով Հայաստանում լեգիտիմ իշխանության առկայությունը և ի լրումն դրա նաև այն հանգամանքը, որ այդ իշխանությունը, գործնականում հավատարիմ մնալով հայ-ռուսական դաշնակցային պարտավորությանը, Ռուսաստանին չի տալիս սեփական պարտավորությունից խուսանավելու որևէ առիթ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...