LGHH

Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում Արցախի ԱԳՆ ու ՀՅԴ կազմակերպած Արցախի բարեկամների միջազգային համաժողովը հայտարարել է Արցախի բարեկամների «Պրո Արցախ» միջազգային ցանցի ստեղծման մասին, որի նպատակը Արցախի միջազգային ճանաչելիության բարձրացումն է:

Գործնականում կարեւոր քայլ է կատարվում Արցախի միջազգային սուբյեկտության ճանաչման ուղղությամբ, ինչը ներկայիս աշխարհակարգային վերափոխումների փուլում կարեւոր նշանակություն ունի հայկական պետականության անվտանգության ռազմավարության համատեքստում: Այդ պետականությունը ներկայումս առաջնորդվում է «երկսուբյեկտ» մարտավարությամբ, հաշվի առնելով ձեւավորված մի շարք իրողություններ, ինչը տալիս է համահայկական առավել ճկուն ռազմավարության հնարավորություն:

Հատկանշական է այն շրջափուլը, որում հայտարարվում է Արցախի բարեկամների միջազգային ցանցի մասին: Արցախը խոշոր հաշվով հայկական անվտանգության հարց չէ միայն: Արցախը միջազգային անվտանգության կենտրոններից մեկն է եւ այդ իմաստով ստեղծվում է ցանցային բազմոլորտ հաղորդակցության մի ձեւաչափ, որն անկասկած բարձրացնելու է աշխարհակարգային վերաձեւման գործընթացի ներկայիս աշխույժ շրջափուլի պայմաններում «օպերատիվ» հաղորդակցության հնարավորությունը այն իրավիճակներում, երբ որոշակիորեն սահմանափակված կամ կաշկանդված է լինելու պաշտոնական շփումների ձեւաչափը:

Այդ իմաստով, Պրո Արցախ ցանցը թերեւս չի ենթադրելու զուտ լոբբիստական ձեւաչափ: Ավելին, այստեղ «պատճառահետեւանքային» կապակցության սլաքը պետք է դիտարկվի ոչ պակաս նաեւ հակառակ ուղղությամբ՝ ցանցի ստեղծումն արդեն իսկ արտացոլում է Արցախի միջազգային ճանաչվածության որոշակի մակարդակ, որը թույլ է տալիս գործընթացին հաղորդել ձեւաչափ, թեկուզ ոչ պաշտոնական:

Ըստ այդմ, Ստեփանակերտում փաստացի հայտարարվել է Արցախ-համաշխարհային հանրություն աշխատանքային ձեւաչափի ստեղծման մասին:

Դրա արդյունքի առումով Արցախի ճանաչումն այլեւս հարաբերական խնդիր է եւ առավել գործնական է այն, թե Պրո Արցախ ցանցը ինչպիսի ոլորտային գործակցություն կարող է ապահովել Արցախի եւ միջազգային տարբեր ձեւաչափերի միջեւ: Այլ կերպ ասած, թեեւ միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախը շարունակում է մնալ չճանաչված, դրանից բխող մի շարք իրողություններով, այդուամենայնիվ փաստացի քաղաքականության առումով Արցախի միջազգային համաժողովը դնում է նոր իրողություն ու խնդիր:

Այն այլեւս Արցախի միջազգային ճանաչելիությունը չէ, այլ Արցախի միջազգային փոխշահավետ իրացվելիությունը:

Դրա համատեքստում հատկանշական է խորհրդաժողովում Արցախի արտգործնախարարի ելույթում ազդարարված հանգամանքը, որ ժամանակն է, որպեսզի Արցախում բնակվող մարդիկ համաշխարհային կյանքի առումով դադարեն իրենց վրա զգալ հակամարտության ազդեցությունը:

Հայաստանի փոխարտգործնախարարն էլ Ստեփանակերտում հայտարարել էր Արցախի ինքնորոշման անթերիության եւ ՄԱԿ կանոնադրության համապատասխանության մասին:

Ասել է թե՝ Արցախը այլեւս չունի աշխարհին որեւէ բան ապացուցելու խնդիր, եւ ակտուալ միջազգային անվտագային-քաղաքակրթական համակարգի տեսանկյունից արդյունավետ չէ այլեւս այդպիսի ակնկալիքն Արցախից: Դա գործնականում միջազգային անվտանգության վատնում է, Արցախի միջազգային փոխշահավետ իրացվելիության գործընթացով այդ անվտանգությունը համալիր իմաստով փոխադարձաբար ամրացնելու փոխարեն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...