Putin Aliev

ՌԴ նախագահ Պուտինի հետ Սոչիում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու ռազմատեխնիկական գործակցությունը:

Ալիևը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն 5 միլիարդ դոլարի պայմանագիր, որից 3-ն արդեն իրականացված է: Փաստորեն, Ադրբեջանի նախագահը խոսում է մնացյալ 2 միլիարդ դոլարի շուրջ պայմանավորվածության մասին:

Ապրիլյան քառօրյայից հետո ստեղծված նոր քաղաքական իրավիճակում Ռուսաստանը ստիպված էր որոշակիորեն սառեցնել Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական գործակցությունը: Միևնույն ժամանակ Բաքուն էլ գուցե այդ հարցում ուներ որոշակի շահագրգռություն՝ Ռուսաստանի դեմ օգտագործել գնումների խաղաքարտը: Ի վերջո, Բաքուն Մոսկվայից սպառազինություն է գնում առաջին հերթին թերևս այն պատճառով, որ դրա հետ մեկտեղ «գնում» է նաև դրա կիրառման՝ Հայաստանի դեմ դրա կիրառման քաղաքական իրավունքը, կամ առնվազն ստեղծում է քաղաքական մի իրավիճակ, երբ առնվազն տարակուսելի է դառնում Հայաստանի իբրև թե ռազմավարական դաշնակից պետության պահվածքը:

Դժվար է ասել՝ ապրիլյան քառօրյայից հետո Ռուսաստա՞նն էր ստիպված դադարեցրել ռազմատեխնիկական գործակցության, այսպես ասած, ինտենսիվ դինամիկան, թե՞ Բաքուն էր, Ռուսաստանից դժգոհ, սառեցրել գնումները: Գուցե որոշակիորեն առկա էին երկու փոխադարձ գործոնները, սակայն բուն խնդիրն այն է, որ Ալիևը այժմ հայտարարում է փաստորեն «մնացած» 2 միլիարդ դոլարի սպառազինության շուրջ պայմանավորվածության մասին: Եվ այստեղ շատ կարևոր է, թե ո՞րն է եղել այդ պայմանավորվածության, այսպես ասած, գինը կամ արժեքը:

Ռուսաստանը համաձայն է շարունակել մատակարարումները՝ պայմանով, որ Ադրբեջանը պետք է շարունակի զե՞րծ մնալ ռազմական որևէ նշանակալի սադրանքից և առավել ևս՝ ագրեսիայից, թե՞ Բաքվին հաջողվել է Ռուսաստանի հանդեպ շանտաժով հասնել նրան, որ Մոսկվան, վերսկսելով ռազմատեխնիկական գործակցությունը, նաև վերսկսում է այն քաղաքական ասպեկտը, որ պարունակում է այն՝ Ադրբեջանին ագրեսիայի քաղաքական իրավունքի հեռանկարով:

Մյուս կողմից՝ հատկանշական է, որ պայմանավորվածության մասին Ալիևը հայտարարում է Հայաստանում ԵՏՄ վեհաժողովի, Պուտին-Փաշինյան հանդիպման, նաև այն աննախադեպ ֆորմատի ֆոնին, որ վեհաժողովի առիթով ձևավորվել էր Երևանում՝ ՌԴ նախագահի, Իրանի նախագահի համատեղ ներկայությունը, շփումները Երևանում: Այդ ֆորմատներն անկասկած մտահոգել են Ադրբեջանի նախագահին, առավել ևս, որ Սոչիում չկայացավ ՌԴ-Իրան-Ադրբեջան ֆորմատի երրորդ հանդիպումը, որ պլանավորվել էր օգոստոսին Սոչիում: Ըստ ամենայնի դրանից հետո Ալիևը բավական ջանք է գործադրել քառամսյա դադարից հետո Պուտինին հանդիպելու համար, և հնարավոր է, որ առավելագույնը, ինչ կարողացել է ստանալ Ադրբեջանի նախագահը, 5 միլիարդ դոլարի սպառազինության մնացյալ 2 միլիարդ դոլարի մասը ստանալն է, ինչին Ռուսաստանը գնացել է թերևս Իրանի հետ երևանյան բանակցությունից հետո՝ Թեհրանին երաշխավորելով, որ այդ հանգամանքը կասկածի տակ չի դնի ռեգիոնալ կայունությունը:

Հայտնի է, որ Թեհրանն այդ իմաստով ամենազգայուն խաղացողներից է, և ամիսներ առաջ Իրանի պաշտպանության նախարարն էր հայտարարել, որ հյուսիսային սահմանին անվտանգության սպառնալիքի պարագայում Իրանը չի հապաղի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ անվտանգությունն ապահովելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...