Gagik Tsarukyan

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս չունի որոշում, թե ինչպես է քվեարկելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ ԱԺ դիմումի հարցով, որի նախաձեռնությունն «Իմ քայլը» դաշինքինն է:

Ինչպես հայտնի է, դիմումը պետք է ներկայացվի ՍԴ քննության: Բայց դրա համար անհրաժեշտ է խորհրդարանի ձայների երկու երրորդը: «Իմ քայլը» դա ապահովում է «Լուսավոր Հայաստանի» հետ միասին, իսկ ԼՀԿ-ն հայտնել է, որ կողմ է քվեարկելու:

Սակայն ի վերջո պետք չէ մի կողմից բացառել որևէ «մաթեմատիկական էքսցես», մյուս կողմից՝ խորհրդարանի մեծամասնությունը ակնհայտորեն ցանկանում է, որպեսզի դիմումը, այսպես ասած, վայելի խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի հավանությունը:

Մամուլը տեղեկություն է հրապարակել, որ մի քանի անգամ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահի խոսնակը դա չի հերքել, սակայն չի մանրամասնել, թե քննարկումները ինչին են վերաբերել: Ըստ մամուլի տեղեկության, վերաբերել են նաև ՍԴ հարցին և հնարավոր է, որ «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկի ազատ: Ֆորմալ իմաստով չի դիրքորոշվի կողմ, սակայն ազատ քվեարկելով՝ կապահովի որոշակի կողմ ձայներ: Որովհետև, օրինակ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է կողմ քվեարկել «Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը, որը մշտապես կոշտ քննադատում է դատաիրավական ոլորտի նկատմամբ իշխանության քաղաքական դիրքորոշումը:

Այդպիսով, ազատ քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության համար կլինի «ոսկե միջինը»: Հետաքրքիրն այստեղ այն է, թե այդ փաստացի հավանությունը ստանալու հարցում ինչ պայմանավորվածություն կարող է լինել կառավարող ուժի և Ծառուկյանի միջև: ԲՀԿ նախագահին այս դեպքում հետաքրքիր են այսպես ասած՝ իր տնտեսական գործունեությա՞ն դաշտում գտնվող պայմանավորվածություններ, թե՞ քաղաքական: Բանն այն է, որ կառավարող մեծամասնությունը հայտարարել է «Կուսակցությունների մասին» օրենքի, Ընտրական օրենսգրքի փոփոխության աշխատանքի մեկնարկի մասին: Դեռ պարզ չէ, թե ինչ բովանդակային երանգներ է պարունակելու այդ գործընթացը, սակայն ընդհանուր հեղափոխական օրակարգի տրամաբանության շրջանակում ենթադրվում է, կամ առկա է կանխավարկած, որ Կուսակցությունների և Ընտրական օրենքի փոփոխությամբ կամ օրենսդրական նոր մշակումներով պետք է առաջին թիրախներից մեկը լինի Հայաստանում քաղաքականության համակարգային լրջագույն խնդիրներից մեկը՝ քաղաքականության և բիզնեսի սերտաճումը, քաղաքական ինստիտուտների և խոշոր կապիտալի, այսպես ասած, ինստիտուցիոնալ տարանջատումը:

Խոսքն այս դեպքում այն մասին չէ, որ խոշոր կապիտալի կրողները չեն կարող որևէ առնչություն ունենալ քաղաքականությանը: Պարզապես դա պետք է լինի առնչություն՝ բոլորի համար հստակ տեսանելի և թափանցիկ, և ոչ թե նույնացում քաղաքականության հետ: Դա սկզբունքային խնդիր է և հետհեղափոխական իրավիճակում, այսպես թե այնպես, Գագիկ Ծառուկյանն է մեծ հաշվով հայտնել այդ խնդիրն արտացոլողի դերում՝ որպես Հայաստանում խոշոր սեփականատեր և կուսակցության ղեկավար: Հետևաբար, ենթադրվում է, որ «Կուսակցությունների մասին» օրենքի, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները մեծ հավանականությամբ պետք է շոշափեն առաջին հերթին հենց նրա շահերը: Կփոխվի՞ Ծառուկյանի համար որևէ բան այս պարագայում, թե՞ ոչ: Ըստ ամենայնի, ԲՀԿ նախագահին ներկայումս հուզող հարցերից մեկը այստեղ է, և ընդհանրապես նաև նրա թիմին հուզող, որովհետև այստեղ առկա է նաև կուսակցության և Ծառուկյանի նույնականացում, ինչի վառ վկայությունը 2015 թվականի փետրվարն էր, երբ Ծառուկյանը հեռացավ, և կուսակցությունը փաստացի կտրուկ անկում արձանագրեց իր քաշում: Կա՞ այդ թեման Փաշինյան-Ծառուկյան օրակարգում, և այն ՍԴ դիմումի հետ նույն «նժարի՞» վրա է, թե՞, այդուհանդերձ, այստեղ բոլորովին այլ և առավել համակարգային խնդիր կա: Այդ իմաստով, անշուշտ, շատ ավելի խոսուն է լինելու օրենսդրական վերը բերված մշակումների բովանդակությունն ու դրա հանդեպ ԲՀԿ դիրքորոշումը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...