Serzh Gagik

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանում ներքաղաքական կյանքը խորհրդարանում է, իսկ դրանից դուրս՝ ընդամենը նախկին իշխանության կռիվը նոր իշխանության դեմ:

ԲՀԿ պատգամավորը հայտարարել է, որ հին իշխանությունը պետք է համակերպվի, որ չկա այլևս քաղաքական որևէ վերադարձի հնարավորություն և պետք է հանգիստ թողնի դաշտը: Այն, որ նախկին իշխանությունը չունի քաղաքական վերադարձի որևէ հեռանկար, անշուշտ, Բագրատյանն իրավացի է: Իսկ ահա այն հարցում, որ ներքաղաքական կյանքը խորհրդարանում է, նա, թերևս, բավականին չափազանցնում է պատկերը: Խորհրդարանում չկա ներքաղաքական կյանք, և դրա պատճառները մի քանիսն են: Նախ, որքան էլ նախկին իշխանությունը չունի քաղաքական վերադարձի հնարավորություն, այնուհանդերձ, քաղաքական «դիսկուրս» ձևավորելու հարցում նախկին իշխանությունը կարողունակ է: Ավելին, այդ հարցում, որքան էլ չթվա տարօրինակ, նախկին ու ներկա իշխանությունն ունեն ընդհանուր որոշակի շահ: Բովանդակային հարցում շահը, այսպես ասած, նախկին իշխանությանն է, իսկ ձևավորող սուբյեկտի տեսանկյունից՝ նոր իշխանությանը:

Բանն այն է, որ այդ «դիսկուրսի» բովանդակային մասը անկասկած բաղկացած է գերակշռող ֆեյք-նյուզից, բայց, իհարկե, լինում են նաև էական հարցադրումներ և քննարկումներ: Եթե մի պահ անտեսենք, որ դրանք նախաձեռնում է նախկին իշխող համակարգը, ապա ինքնին, բովանդակային առումով, այդ քննարկումները և ընդդիմախոսությունը հույժ կարևոր են: Սակայն այստեղ է, որ հանգամանքը, որ դրանք նախաձեռնում է նախկին իշխանությունը, կառավարող քաղաքական ուժին տալիս է առանց լուրջ բովանդակային դիմադրության, այսպես ասած, պատասխան տալու հնարավորություն, ամեն ինչ վերագրելով «ռևանշիզմին» կամ «հակահեղափոխությանը»:

Ահա այս պայմաններում, ոչ միայն խորհրդարանում, այլևս որևէ տեղ հնարավոր չէ ներքաղաքական կյանքի ձևավորում և ընթացք, որովհետև դրա համար նախ պետք է այդ իմաստով ավարտել հեղափոխությունը: Հակառակ դեպքում, հարցերը բարձրաձայնող որևէ սուբյեկտ անմիջականորեն ասոցացվում է նախկին իշխող համակարգին, որը քանի դեռ կա, հեղափոխությունն ավարտված համարել հնարավոր չի լինելու: Խոսքը հենց հանրային-քաղաքական «դիսկուրսի», որ թե դե ֆակտո իրականության մասին է, որովհետև դե ֆակտո իրականության մակարդակում հեղափոխությունը գործնականում իր առաջին քաղաքական փուլով ավարտված է վաղուց: Բայց նախկին իշխող համակարգի աշխույժ գոյությունը թույլ չի տալիս այն ավարտել հանրային դիսկուրսի մակարդակում: Այստեղ առանձնահատուկ է ԲՀԿ դերը կամ վիճակը՝ հաշվի առնելով այն, որ նոր համակարգում ընդդիմության դերը շարունակելու հավակնող ուժը, գործնականում ասոցացվում է նաև նախկին իշխող համակարգի հետ:

Այդպիսով, ԲՀԿ-ն մի կողմից իր նոր հավակնությամբ գտնվում է նախկին իշխող համակարգի «հակահեղափոխական» ազդեցության ենթակա գոտում, անկարող լինելով ձևավորել սեփական որևէ դիսկուրս, մյուս կողմից՝ ինքն էլ հենց ասոցացվում է նախկին համակարգի հետ: Այդ իրավիճակը «Բարգավաճ Հայաստանի» համար անելանելի է: Բայց միայն ԲՀԿ-ն չէ, որ այդ անելանելի վիճակում է, այլ ամբողջ քաղաքական դաշտը, թերևս բացառությամբ «Սասնա ծռերի», որոնք առանձնահատուկ են իրենց կոշտ, արմատական մերժման դիրքորոշումներում: Սակայն այդ առանձնահատկությամբ հանդերձ նաև թողնում են ծայրահեղ տպավորություն և, ըստ այդմ, թե՛ նախկին, թե՛ նոր իրավիճակներում չեն կարողանում դուրս գալ «մարգինալ» դաշտից: Թեև հեղափոխությունը գործնականում ստեղծել է մի վիճակ, որ, խոշոր հաշվով, «մարգինալացել» են բոլոր ուժերը՝ իշխանությունից կամ, ավելի շուտ, Նիկոլ Փաշինյանից բացի: Ուժերի հարաբերակցությունը խիստ անհավասար է ներքաղաքական կյանքի ձևավորման համար:

Չի կարող մրցում լինել 100 կգ և 50 կգ քաշային կատեգորիաների տեր մարզիկների միջև: Գործնականում նույնն է ներկայումս ներքին կյանքում: Ըստ այդմ, ներքաղաքական կյանքը հետհեղափոխական Հայաստանում ենթադրում է բոլորովին այլ տրամաբանություն, քան «դասական» ընդդիմություն-իշխանություն տրամաբանությունը: Հեղափոխությունից մեկուկես տարի անց այդ իմաստով չի եղել քաղաքական աշխատանքի որևէ նոր առաջարկ հանրությանը: Իսկ այսպես ասած «հին» առաջարկներ ոչ ոք չի կարող անել ավելի լավ, քան հին տրամաբանության և առաջարկների վարպետները՝ նախկին իշխող համակարգը: Այդ կարողությամբ, սակայն, նախկին համակարգը քաղաքական առումով խանգարում է ում ասես, բայց ամենևին ոչ նոր իշխանությանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...