Gagik Tsarukyan

Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին. «Եթե ցանկացած գործունեության մեջ կա հանցանք, անօրինականություն, պատժելի է։ Բայց, ասենք թե, ես տեսնելով, որ նրա ընտանիքի հանդեպ՝ աղջիկը 16 տարեկան, 18, որոնց հանդեպ քննությունն ա, դա իմ համար անընդունելի ա։ Տեսեք՝ հիմնական խնդիրը Թովմասյանն ա, խնդիր չկա, թող հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցակազմ ա ներկայացրել, մենք բոլորս միասին կողմ ենք, թող պատժեն։ Մենք հանցագործությանը կողմ չենք, ուզում ենք, որ պատաժելի լինի»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իր կարծիքով՝ քաղաքակա՞ն է այս գործընթացը։ Ծառուկյանը պատասխանեց․ «Նորից եմ ասում՝ հիմնական հարցը, եթե կա Հրայր Թովմասյանի հետ, կա հանցակազմ, պատժելի է։ Թող ներկայացնեն, մենք բոլորս կողմ կլինենք։ Բայց իրենց քայլերով անհարմար վիճակի մեջ են դնում վարչապետին, ուզում են ինչ-որ բան ցույց տալ, ուրեմն տվյալ մարդիկ չեն համապատասխանում իրենց պաշտոնին»։

Նա ասաց, որ չի կարող ասել՝ քաղաքական հետապնդում է, թե ոչ։ «Հիմա տեսնենք՝ ընթացքը ոնց է կատարվում»։ Նա ասաց, որ օրինակ, Իմ քայլը խմբակցության՝ ՍԴ նախագահի վերաբերյալ նախագծում որևէ հանցակազմ ու իրավական հիմք չկար։ ԵՎ ԲՀ-ն տեսավ, որ անիմաստ էր իր մասնակցությունը. «Տեսաք, գնաց ՍԴ, մերժեցին։ Մարդիկ պետք է վատ վիճակի մեջ չդնեն, մարդիկ պետք է իրենց պաշտոնին տիրապետեն, հասկանան, իրենց թիմակիցներին վատ վիճակի մեջ չդնեն»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Գագիկ Ծառուկյանը Հրայր Թովմասյանին ՍԴ լեգիտիմ նախագահ համարո՞ւմ է. «Ուրեմն ինչի՞ համար լեգիտիմ չի, էդ ով ա ասում։ Ես ուզում եմ՝ հիմնավորումը տեսնել։ Թող հիմնավորումը բերեն, ասեն՝ լեգիտիմ չի, մենք էլ ասենք՝ լեգիտիմ չի։ Բայց էսօր ո՞վ ա բերել ու էդ հարցը ներկայացրել։ Մենք ասում ենք՝ պատրաստ ենք քննարկել, եթե լեգիտիմ չի, հանցանք ա գործել, մենք նույնպես կողմ կլինենք։ Բայց ամեն մեկը մի դատարկ բան ասում, բոլորին շփոթության մեջ ա գցում, դառնում ա կինոյի տղեն»։

Նա հավելեց, որ այս գործով ձերբակալողները պատասխան են տալու, թեկուզ հինգ տարի հետո․ «Եթե հանցակազմ չկա, ով որ ներկայացրել ա էդ հոդվածով մարդուն, ինքը պատասխան ա տալու»։

Նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչ մեթոդով է Հրայր Թովմասյանը դարձել ՍԴ նախագահ. «Իսկ ինչպե՞ս ա դառել։ Իրական առումով ճիշտ ա, հիմա ոնց որ Նիկոլ Փաշինյանը դարձավ, Արարատ Միրզոյանը, մյուսները»։

Հարցին, թե այսինքն՝ ինքը շտապողականություն չի տեսե՞լ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման հարցում, նա պատասխանեց․ «Ես նույն շտապողականությունը տեսել եմ նաև այս հեղափոխությունից հետո այս կազմի մեջ։ Պետք է չմոռանանք, որ հինգ վեց դեպք կան, որոնք նույն սկզբունքով ընտրվել են»։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ վերջին ամիսներին վարչապետի գաղտնի հրամանով բարձրացվել են նախարարների աշխատավարձերը։

Ըստ նրա՝ մարդիկ սպասում էին, հեղափոխություն կատարվեց, ժողովրդի թեկնածուն վարչապետ դարձավ, և այդ փոփոխությունները պետք է լինեին. «Այդ փոփոխությունները պետք է լինեին, կառավարությունը ժողովուրդն ա, որոշողը ժողովուրդն ա, բայց էսօր ժողովրդից թաքուն ո՞նց կարելի ա անել։ Կարելի ա ներկայացնել, էսօր ժողովուրդը դեմ չի, եթե որևէ նախարար լիարժեք իր գործը կատարել ա, արդյունավետ, որ մարդիկ իրենց առօրյայի վրա զգում են, խնդիր չկա, կարան տասնապատիկ ավելի տան։ Ասենք՝ նա մի միլիարդի օգուտ ա տվել պետությանը, հասարակությանը։ Բայց թաքունը դա վիրավորական ա և պատգամավորների, և ժողովրդի համար։ Թաքուն բառը հեղափոխությունից հետո բոլորի համար անընդունելի է»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...