Գագիկ Ծառուկյանը որևէ պարտավորություն չունի Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի առաջ, լրագրողների հետ հոկտեմբերի 22-ի զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, երբ լրագրողները հարց են տվել Ռոբերտ Քոչարյանի մասին:

Այն, որ ԲՀԿ նախագահը գնահատելով Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական ասոցացման վտանգը մշտապես հայտարարում է, որ չկա որևէ կապ, հայտնի դիրքորոշում է:

Հետաքրքիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանը առաջին անգամ տալիս է «որևէ մեկին պարտք չեմ» ձևակերպումը: Համենայն դեպս, «պարտք չլինելու» մասին Ծառուկյանը հաճախ չէ, որ խոսում է: Իսկ այն, որ խոսում է, և այժմ է խոսում, թերևս առնվազն ենթագիտակցական առումով վկայում է, թե ինչ ճնշում կա նրա վրա քաղաքական իրադրության տեսանկյունից: ԲՀԿ-ն չմիացավ Հրայր Թովմասյանի դեմ «Իմ քայլի» նախաձեռնությանը, սակայն Հրայր Թովմասյանը ներողություն խնդրելով ԲՀԿ-ից՝ չեկավ խորհրդարան հարցերին պատասխանելու:

Առերևույթ ԲՀԿ-ին արված նրա ռեվերանսը իրականում ակնարկ էր, որ «Իմ քայլ»-ին չմիանալը նախկին իշխանության համար, նախկին համակարգի համար՝ որն այսօր մոբիլիզացվել է Թովմասյանի պաշտպանության շուրջ, ամենևին գոհացնող կամ բավարար դիրքորոշում չէ:

Նախկին իշխող համակարգը ԲՀԿ-ից ակնկալում է ոչ թե չմիանալ «Իմ քայլ»-ին՝ դա գուցե կարող էր հետհեղափոխական նախորդ փուլի համար լինել բավարար, այլ միանալ իր քայլերին: Այդ ակնկալիքը անշուշտ առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ-ն ինքը նախկին համակարգից ծնված ուժ է: Սակայն այդ հանգամանքի առումով է նաև հատկանշական, որ ԲՀԿ նախագահ Ծառուկյանը հայտարարում է, որ ոչ մեկին պարտք չէ, պարտք չէ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Ըստ ամենայնի, նախկին համակարգից Ծառուկյանին հիշեցնում են համատեղ անցյալը, ինչին ի պատասխան էլ նա փաստորեն ակնարկում կամ ազդարարում է, որ ինքն այդ անցյալի համար լիուլի վճարել է և ըստ այդմ ձեռք բերել «ազատության իրավունք» ներկայիս իրադրության համար: ԲՀԿ նախագահի համար ամբողջ հարցը սակայն այն է, որ իր «ազատությունն» այդ իմաստով չունի քաղաքական արժեք կամ գին և նա դա շատ լավ է պատկերացնում, գիտակցելով, որ հեռանկար չունի նախկին համակարգի տիրույթում և ի վերջո դարձյալ զոհաբերվելու է որևէ իրավիճակի, որովհետև խոշոր հաշվով հենց այդ ռազմավարական հեռանկարով էր նա ներքաշվել քաղաքականություն նախկին համակարգում, և հեռանկար չունի նոր քաղաքական իրողությունների պարագայում, երբ հաղթահարվի անցումային փուլը: Իսկ այն վաղ թե ուշ հաղթահարվելու է, և ընդ որում հենց դրա վկայությունն են նաև առաջացող իրավիճակային ճգնաժամերը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...