dzerq

Երեւանում ԵՏՄ վեհաժողովին մասնակցելուց հետո Պուտինը մեկնել է Սոչի, որտեղ հանդիպելու է Իլհամ Ալիեւին: Ընդհանրապես, եթե նայենք վիճակագրությունը, Պուտինն իր երկարամյա նախագահության շրջանում հստակ պահում է հավասարակշռությունը Հայաստանի ու Բաքվի ղեկավարների հետ հանդիպումների մասով: Եվ զարմանալի չէ, որ Երեւանից մեկնելուց հետո նա հանդիպում է Ալիեւին:

Երեւանում Պուտինը Բելլա Քոչարյանից բացի հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Երեւանյան վեհաժողովի օրերին իրան-ադրբեջանական սահմանին գրանցվեց հերթական զինված միջադեպը: Նախօրեին Պուտինը վավերացրել էր Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան, եւ կասպյան պետություններից միայն Իրանը առայժմ չի վավերացրել այն:

Երեւանյան համաժողովի օրերին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ Ղարաբաղի բանակցային գործընթացում առաջընթաց ոչ միայն չկա, այլեւ բանակցություններ փաստացի չկան, խնդիրը սառեցվել է:

Երեւանի կոշտ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում լուրջ խնդիրներ է ստեղծել Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար: Ռուսական պլանը «բանակցությունների սառեցման» պայմաններում մնում է իրագործել ռազմական ճանապարհով, որը նույնպես խիստ խնդրահարույց է եւ կարող է պայթեցնել ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Ռուսաստանը: Համենայնդեպս, պատերազմը սկսելու մեխանիզմի երկու պայմանը կամ երաշխիքները ներկայում առայժմ չեն գործում:

Ըստ ամենայնի, հենց այս հարցերի շուրջ են զրուցելու Պուտինն ու Ալիեւը: Բացի այդ, ՌԴ նախագահը Ալիեւին թերեւս տեղեկացնելու է նաեւ երեւանյան հավաքի մանրամասներին, ինչը Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում սովորական պրակտիկա է: Մասնավորապես, նման պրակտիկա գոյություն ունի ՀԱՊԿ ռազմական բլոկի մասով, որը դրսեւորվել է բացահայտ: Օրինակ, Լուկաշենկոն հայտարարել է, որ Ալիեւին մանրամասն տեղեկացնում է այդ ռազմական բլոկի անցուդարձին:

Պուտինը երեւի Ալիեւին նաեւ կտեղեկացնի, որ Հայաստանի բեռնատարների համար խոչընդոտներ են ստեղծվում Լարսի անցակետում, գազը շուտով կթանկացնեն, եւ այլ նման խնդիրներ:

Թվում է՝ Բաքուն գործիք է Պուտինի ձեռքին Հայաստանի եւ, ինչու չէ, նաեւ Իրանի հետ հարաբերություններում: Բայց ներկայում սա խիստ հարաբերական իրավիճակ է, հատկապես Թուրքիայի հետ հարաբերություններում Ռուսաստանի համաձայնությունների ֆոնին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...