Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տարածել է տարօրինակ մի հայտարարություն՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցի համատեքստում, որում հայտարարում է, թե արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ներն ու լրատվամիջոցները թիրախավորում են հայ-ռուսական հարաբերությունը, սեպ են խրում երկու երկրների հարաբերության միջև:

Դեսպանատունը շեշտում է, որ դա տեղի է ունենում՝ չնայած հայ-ռուսական հարաբերության հարցում Հայաստանի իշխանության հստակ դիրքորոշմանը:

Հայտարարությունը տարօրինակ է մի շարք առումներով: Նախ՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի, ռուսական քաղաքականության, մեղմ ասած, խնդրահարույց հանգամանքների մասին սուր քննարկումներ եղել են միշտ, տարիներ շարունակ, և ընդ որում՝ դրանց առիթը տվել է հենց Ռուսաստանը՝ իր քաղաքականությամբ: Սակայն ՌԴ դեսպանատունը կարծես թե չի բարձրացրել արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների և ԶԼՄ-ների հարց: Ինչո՞ւ հիմա և հատկապես մի պահի, երբ Միացյալ Նահանգներում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունենում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունում: Այստեղ թերևս կա բավական հետևությունների տեղիք:

Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը կարծես թե միջամտում է հարցերի, որոնք Հայաստանի ներքին գործն են՝ հայկական քաղաքացիական և մեդիատիրույթ, որտեղ գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Եթե այդ տիրույթում հնչում են կոնկրետ իրավական նորմերի, միջպետական հարաբերության իրավապայմանագրային դաշտի հակասություն պարունակող կոչեր, ապա դեսպանատունը պետք է թերևս արձագանքի շատ կոնկրետ և հետամուտ լինի հարցերի իրավական կարգավորմանը: Մինչդեռ այս դեպքում տրվում է քաղաքական երանգ, ինչն էլ տալիս է մի շարք ենթադրությունների հիմք՝ կապված թե՛ Հայաստանի ներքին գործերին միջամտության և թե՛ անգամ որոշակի շանտաժի հետ: Ընդ որում, այս դեպքում հենց հատկանշական է, որ դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, թե պաշտոնական Երևանը հստակ է արտահայտվել հայ-ռուսական հարաբերության հարցում:

Կա՞ ակնարկ, որ ՀԿ-ների և ԶԼՄ-ների մասին հայտարարության համատեքստում հիշատակելով պաշտոնական Երևանի հստակ դիրքորոշումը՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն ակնարկում է, թե տողատակում նրանց քայլերում տեսնում է նաև իշխանության ձեռք և ակնարկում, թե մի ձեռքով արտահայտվում են պաշտոնապես, մեկ այլ ձեռքով ոչ պաշտոնապես հրահրում, այսպես կոչված, «հակառուսական» տրամադրություն:

Պաշտոնական Երևանը, Հայաստանի ԱԳՆ-ն թերևս պետք է արձագանքեն ՌԴ դեսպանատան հայտարարությանը, որը այլ բան չէ, քան Հայաստանի հանդեպ առնվազն միջպեական և դաշնակցային էթիկայի խախտման և նաև՝ ներքին գործերին միջամտության դրսևորում: Իսկ մինչ այդ՝ ՌԴ դեսպանատունը հայ-ռուսական հարաբերության առողջության և ապագայի մասին մտածելիս նախ գուցե անդրադառնար ռուսական թե՛ փորձագիտական, թե՛ մեդիատիրույթում չգիտես ինչ միջոցներով ֆինանսավորվող և այդ թվում պետական համարվող սուբյեկտների էջերից, եթերներից հակահայկական հաղորդումների և հոդվածների «հորդառատ տեղումներին»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...