Արագածոտնի մարզի զարգացմանը նվիրված գործարար համաժողովում, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի մարզային զարգացմանը նվիրված համաժողովների շղթայում հերթականն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում խոշոր բիզնեսի խնդրին, շոշափելով երկու կարեւոր, տնտեսա-քաղաքական վերափոխման երկու նուրբ կողմ:

Փաշինյանը նախ հայտարարել է, որ Հայաստանում խոշոր բիզնեսն ունի հանրային վարկի, նկարագրի փոփոխության անհրաժեշտություն, եւ դա տեղի է ունենում:

Հայաստանում խոշոր բիզնեսի այդ խնդիրն անշուշտ բխել է այն համակարգից, որը ձեւավորվել է առնվազն վերջին քառորդ դարում եւ որի հակասահմանադրական գոյության շահերից է բխել թե քաղաքականության, թե տնտեսության յուրացումը, քվոտավորումը: Խոշոր բիզնեսը իբրեւ տնտեսական երեւույթ մի կողմից ծագել ու ձեւավորվել է այդ տրամաբանության շրջանակում, մյուս կողմից էլ ով կարող էր կամ ձեւավորվել էր տնտեսական տրամաբանության գերակայությամբ, անխուսափելիորեն մտնելու էր առկա համակարգայինի մեջ, մի շարք պատճառներից ելնելով:

Ըստ այդմ, խոշոր բիզնես հասկացությունը, մի մեծ շարք օբյեկտիվ իրողությունների բերումով, եւ իհարկե նաեւ որոշ սուբյեկտիվ գործոնների բերումով հանրային գիտակցության մեջ ասոցացվել կամ նույնացվել է հանրային ու պետական ռեսուրսների մսխման, գանձագողության, կոռուպցիայի վրա հիմնված իշխող համակարգի հետ: Ըստ այդմ, հանրային գիտակցության մեջ նույնացվել է «խոշոր բիզնես» եւ «խոշոր գող» ընկալումը:

Արդարացի՞ է եղել դա խոշոր բիզնեսի բոլոր ներկայացուցիչների նկատմամբ, թե ոչ: Դա հարց է, որը գուցե նույնիսկ բանավեճի առարկա է, սակայն հասկանալի է, թե ինչու է տեղի ունեցել այդ նույնացումն ու խոշոր բիզնեսի այդպիսի հանրային «վարկավորումը»:

Նախկին իշխող համակարգի հեռացնելուց հետո ակնառու է խոշոր բիզնեսի շուրջ մթնոլորտի որոշակի թուլացումը: Այդուհանդերձ, այստեղ ամբողջական լիցքաթափման համար կա թե համակարգային լուծումների խորքային անհրաժեշտություն, այդ թվում բիզնեսն ու քաղաքականությունը ինստիտուցիոնալ մեխանիզմով տարանջատելու ուղղությամբ, եւ թե իհարկե հասարակական-քաղաքական մթնոլորտի վերափոխման անհրաժեշտություն՝ հետհեղափոխական «դիսկուրսը» անցյալի ու ներկայիս թեժ կռվից ապագայի շուրջ աշխույժ բանավեճերի վերածելու առումով:

Այլապես, խոշոր բիզնեսի հանդեպ հանրային վերաբերմունքը եւ գնահատականը շարունակում է պայմանավորված մնալ գերազանցապես քաղաքական կոնյուկտուրայով:

Մյուս կարեւոր հարցը, որ շոշափել է վարչապետը, խոշորից գլոբալ բիզնեսի անցումն է: Ձեւակերպումների վերաբերյալ գուցե եւ լինեն առարկություններ, սակայն իմաստային առումով խնդիրն այն է, որ զուտ հայաստանյան շրջանակում «խոշոր բիզնես» արտահայտությունը այդուհանդերձ պայմանականություն է, եւ իբրեւ խոշոր բիզնես էֆեկտիվությունը էապես պայմանավորված է նրանով, թե այդ բիզնեսը որքանով է խոշոր միջազգային մասշտաբով:

Այստեղ է այդ բիզնեսի կենսունակության, արդյունավետության եւ նաեւ հանրային ու պետական օգտակարության առանցքային գրավականներից մեկը: Այդ թվում նաեւ հենց հանրային վարկի տեսանկյունից, որովհետեւ «գլոբալ բիզնես» ասվածը պետք է ենթադրի ոչ միայն ծավալային, մասշտաբային, թվաբանական մեծություն, այլ նաեւ համաշխարհային արդիական բիզնես մշակույթ, մտածողություն, արժեհամակարգային վերափոխում: Եվ այդ ասպեկտում նաեւ թերեւս մի կարեւորագույն հանգամանք՝ հանրային վարքում խոշոր կամ գլոբալ գործարարի մարդկային համեստություն եւ ժուժկալություն, ու միաժամանակ շռայլություն հանրային պատասխանատվության իմաստով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...