Atrchanak

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Տիգրան Հակոբյանի գործի դատական քննությունը:

Այս գործը «ձեռքից ձեռք» անցած՝ դատավորի փոփոխության հետ կապված՝ մի դատավորից մյուսին անցած գործերից է:

Սա բավական բարդ իրավիճակ ստեղծող ու դատական քննության էական ձգձգումների պատճառ դարձող իրողություն է, որը վերջին շրջանում հաճախադեպ է դարձել: Առավել ծանր իրավիճակ է առաջանում մեծածավալ գործերի քննության դեպքում, երբ մի դատարանը, գործը քննելով մեկ և ավելի տարիներ, համարյա մոտեցած է լինում դատաքննության ավարտին, ու հանկարծ՝ դատավորը տեղափոխվում, գործուղվում է, իսկ գործը, մակագրվելով նոր դատավորի, քննվում է սկզբից…

Տիգրան Հակոբյանի գործը Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում քննում էր Մարինե Մելքոնյանը, նրա գործուղումից հետո գործի քննությունը ստանձնել է դատավոր Աննա Մաթևոսյանը:

Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Հակոբյանը ռուսաստանաբնակ գործարար համարվող Արամայիս Ջոմարդյանին Արմեն Քեյանի կազմակերպմամբ ու պատվերով սպանելու նպատակով, «Քեյանի հրամանով» 2013 թվականի հունվարին Հայաստանից մեկնել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաք:

Սպանության իրագործման նպատակով, ըստ մեղադրանքի, Տիգրան Հակոբյանը գործի քննությամբ չպարզված ժամանակահատվածում չբացահայտված անձից ապօրինի կերպով ձեռք է բերել ու մինչև 2013 թվականի փետրվարի 25-ը ապօրինի պահել է «Մակարով» տեսակի հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակ և ռազմամթերք՝ 7 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք օգտագործվել են փետրվարի 25-ին Դոնի Ռոստովի Բուդյոնովսկի պողոտայի 101 շենքի մոտ կատարված սպանության փորձի ժամանակ:

Արամայիս Ջոմարդյանին սպանելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, Տիգրան Հակոբյանը վերը հիշատակված՝ իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել Ջոմարդյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ Արամայիս Ջոմարդյանն ինքնապաշտպանության նպատակով իր մոտ օրինական պահվող «WASP R» ատրճանակից պատասխան կրակոցներ է արձակել Տիգրան Հակոբյանի ուղղությամբ, և Հակոբյանը դիմել է փախուստի: Հակոբյանի կրակոցներից վնասվածքներ ստացած Արամայիս Ջոմարդյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքը փրկվել է:

Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության փորձի ու ապօրինի հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ռուսաստանում կատարված դեպքի վերաբերյալ դատական քննությունը Հայաստանում է անցկացվում, քանի որ դեպքից հետո Տիգրան Հակոբյանը Ռուսաստանում պատասխանատվության չի ենթարկվել, նրա նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում, նա հայտնաբերվել է Հայաստանում, քրեական գործի նյութերը Ռուսաստանից ուղարկվել են Հայաստան, իսկ արարքի որակումները համապատասխանեցվել են ՀՀ օրենսդրությանը:

Այս գործով Ռուսաստանում բռնվել ու պատասխանատվության են ենթարկվել՝ սպանությունը պատվիրելու և կատարումը կազմակերպելու համար՝ Ա. Քեյանը, ինչպես նաև սպանության փորձին օժանդակած Կ. Կարապետյանը: Այս գործով կան ՌԴ-ում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր:

Տիգրան Հակոբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ նշելով, թե առնչություն չունի հիշյալ պատվերով սպանության փորձի հետ:

Տիգրան Հակոբյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Այս գործի քննության ծանր ընթացքի պատճառներից մեկն էլ այն է, որ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում, գործով տուժողն ու վկաները գտնվում են Ռուսաստանում: Արդյո՞ք նրանք կժամանեն Հայաստան, և դատավարության կողմերը կկարողանա՞ն նրանց հարցաքննել՝ ցույց կտա ապագան: Այս առումով արդեն իսկ ի հայտ է եկել դատարաններում գործերի քննությունը ձգձգող մի հանգամանքի լուրջ ազդեցությունը՝ փաստաթղթերը, այլ նյութերն ու գրագրությունը թարգմանելու համար ծախսվում է չափազանց երկար ժամանակ, ինչը դատական քննությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելու՝ սահմանադրական իրավունքի խախտման վտանգ է առաջացնում:

Դատական այս նիստում նախագահողը տեղեկացրեց, որ դեռ նախորդ դատարանի կողմից այս տարվա ապրիլին նախաձեռնված՝ ՌԴ-ում գտնվող տուժողին ու վկաներին ծանուցագրեր ուղարկելու և ներկա գործի քննության շրջանակներում Հայաստանում հարցաքննելու գործընթացը Հայաստանի սահմաններից դուրս չի եկել: Այսինքն՝ ծանուցագրերի և ուղեկցող գրագրության թարգմանությունները դատարանը վերջերս է ստացել՝ սեպտեմբերի 23-ին:

Այս տեղեկությունից անմիջապես վրդովվեց պաշտպանական կողմը, քանի որ ամբաստանյալը տևական ժամանակ՝ մոտ մեկուկես տարի է՝ գտնվում է անազատության մեջ՝ կալանքի տակ: Պաշտպանական կողմը տեղյակ չէր, որ փաստաթղթերը դեռևս նույնիսկ չեն ուղարկվել Ռուսաստան: Նա պահանջեց, որ դատարանը գնահատական տա ստեղծված իրավիճակին:

Ի պատասխան պաշտպան Խաչիկյանի վրդովմունքի՝ նախագահողն ասաց, որ դատարանի իրավասության մեջ չի մտնում թարգմանական գերատեսչությունում թարգմանությունների ձգձգումների վերաբերյալ գնահատական տալը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Խաչիկյանը հայտարարեց, որ հրապարակված փաստաթղթերից ոչ մեկով չի հաստատվում Տիգրան Հակոբյանի մեղավորությունը: Այն, որ կոնկրետ հեռախոսահամարը օգտագործվել է Տիգրան Հակոբյանի կողմից՝ միայն վարույթն իրականացրած մարմնի ենթադրությունն է՝ պնդեց պաշտպանը. «Էդ հեռախոսահամարները ուզում են հարմարեցնել Տիգրանին»:

Պաշտպանը նշեց, որ գոյություն ունի փաստաթուղթ, համաձայն որի՝ Տիգրան Հակոբյանը ՀՀ սահմանը հատել և Ռուսաստան է մեկնել 2013 թվականի հունվարի 16-ին: Բայց հիշյալ հեռախոսահամարները Ռուսաստանում շահագործվել են նաև հունվարի 1-ից մինչև 16-ը, ուրեմն ո՞վ է օգտագործել այդ հեռախոսահամարները. ավելի շատ՝ հռետորական հարց հնչեցրեց պաշտպանը: Նա նաև պահանջեց, որ դատարանը այս գործով նիստերը նշանակի ավելի հաճախ՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը կալանքի տակ է:

Նախագահողը պարզաբանեց, որ այս նիստը նշանակված էր դեռ նախորդ դատարանի կողմից և հավելեց, որ նիստերը տևական ընդմիջումներով անցկացնելու «օբյեկտիվ իրողությունը դատարանների գերծանրաբեռնվածությունն է»:

Պաշտպանի հայտարարությունների հետ կապված՝ հայտարարությամբ հանդես եկավ նաև մեղադրող Մարգարյանը: Նա նշեց, որ դատարանը դեռ ոչ բոլոր վկաներին է հարցաքննել, գործում առկա ոչ բոլոր փաստաթղթերն են դեռ հետազոտվել: Քննությամբ բացահայտված է՝ ում միջոցով են Ռուսաստանում հեռախոսահամարներ ձեռք բերվել. «Կա անկողմնակալ վկա, կա փաստ՝ ով է օգտագործել հեռախոսահամարները… Քրեական գործում բավարար տվյալներ կան… »:

Դատական հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 18-ին, դատարանը կշարունակի գործում առկա փաստաթղթերի հետազոտումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...