Mamedyarov

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Իզվեստիա թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հիասթափված է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումից:

Մամեդյարովը հայտարարել է, թե դա հանդիպում էր, ոչ թե բանակցություն: Ադրբեջանի արտգործնախարարը ասել է, թե պետք է անցնել իր նշած «սուբստանտիվ բանակցությանը»:

Ադրբեջանի արտգործնախարարի հիասթափությունը տողատակում Բաքվի հիասաթափությունն է Ռուսաստանից, որ Երեւանին չի բերում «կազանյան պլանի» կամ «լավրովյան պլանի» շուրջ քննարկումների: Ադրբեջանը 2016 թվականի ապրիլից, կամ ավելի ճիշտ մայիսին Վիեննայում ամերիկյան հովանու ներքո արված հանդիպումից հետո Ռուսաստանի հետ փորձում է աշխատել մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված կազանյան կամ լավրովյան պլանների «վերականգնման» ուղղությամբ:

Ապրիլյան քառօրյայից հետո Սերժ Սարգսյանը բացահայտեց այդ պլանները, դրանց մասին հայտնելով հանրությանը եւ փորձելով ապահովագրվել այդ «պլանային ճնշումներից»: Մյուս կողմից, սակայն, Սերժ Սարգսյանին երկարաժամկետ ապահովագրման հարցում էապես խանգարում էր լեգիտիմության բացակայությունը, որի կապակցությամբ ճնշումը հատկապես ուժգնացավ Սանկտ-Պետերբուրգի եռակողմ հանդիպումից մոտ մեկ ամիս անց Հայաստանում տեղի ունեցած զինված գործողության՝ ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով:

Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը Վիեննայի օրակարգը՝ մասնավորապես հետաքննության մեխանիզմների տեղակայման ամերիկյան առաջարկը չեզոքացնելու առաջին փորձն էր, ինչի վկայությունն այն էր, որ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ Վիեննայի հանդիպումը հիշատակվում էր, սակայն կոնկրետ հիշատակման առումով մեխանիզմների մասին խոսք չկար եւ խոսվում էր միայն Կասպրշիկի գրասենյակի աշխատակիցների թիվն ավելացնելու մասին:

Հատկանշական է, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո Ֆրանսիան հայտնեց հետապրիլյան երրորդ հանդիպումը կազմակերպելու պատրաստակամություն՝ ընդգծելով հրադադարի մեխանիզմների տեղակայման հարցի գերակայությունը, սակայն այդ հանդիպումն այդպես էլ չեղավ, եւ երրորդ հանդիպումը տեղի ունեցավ արդեն մեկուկես տարի անց, հոկտեմբերին Շվեյցարիայում, որի շրջանակում արդեն որեւէ խոսք չկար Վիեննայի մասին:

Մյուս կողմից, սակայն, ապրիլյան քառօրյայում հայկական բանակը ոչ միայն արգելակեց Ադրբեջանի ռազմական դիվանագիտությունը, այլ նաեւ որոշակի նոր իրողությունների առաջ կանգնեց Ռուսաստանը, մի կողմից հայտնվելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «համատեղ հանցանքի», մյուս կողմից Հայաստանի առաջ «մեղավորության» եւ պարտքի միջեւ: Գործնականում, Ռուսաստանը մինչ այժմ այդ «արանքում» է, եւ Մոսկվայի վարքագիծը խոշոր հաշվով կախված է այն հանգամանքից, թե արդյոք Երեւանը կարող է հնարավորինս երկարաժամկետ ապահովել Ռուսաստանի «պարտքի զգացումը»:

Խոշոր հաշվով, դա գուցե Մոսկվայի համար, կամ առնվազն Հայաստանի վասալության գնով Ռուսաստանում դիրքեր պահած որոշակի տնտեսա-քաղաքական շրջանակների բավական տհաճ զգացում եւ իրավիճակ է, սակայն խորքային առումով, ռուսական պետականության ռացիոնալ շահի եւ հեռանկարի համատեքստում նաեւ Ռուսաստանի համար է «կենսական» զգացում: Որովհետեւ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի պարտքն է, որ Մոսկվայի համար կարող է անբեկանելի փաստարկ լինել «համատեղ հանցանքի» թուրք-ադրբեջանական ճնշման դեմ: Թերեւս պատահական չէ, որ Պուտինը, վերջին շրջանում խոսելով Հայաստանի հետ հարաբերության մասին, բավականին հաճախ է հղումներ անում ժողովուրդներին, նշելով, թե հայ-ռուսական հարաբերությունը կառուցված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Այդ մասին նա հայտարարել էր նաեւ Երեւանում, նշելով, թե այդ հարաբերությունն անձերից չէ կախված:

ՌԴ նախագահն այդպիսով ընդգծում է թերեւս նաեւ այն հանգամանքը, որ ներկայում հայ ժողովուրդն է հայ-ռուսական հարաբերության գործոնը: Իսկ Փաշինյանը, մի կողմից արձանագրելով Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերության խորացման պատրաստակամությունը, մյուս կողմից ավելի է խորացրել հայ ժողովրդի առաջ ՌԴ պարտքի զգացումը, հայտարարելով, որ ՌԴ-ն ի զորու է զսպել Ադրբեջանի ռազմական նկրտումները եւ ըստ այդմ պատերազմը կնշանակի, որ ՌԴ-ն է դա թույլ տվել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...