GAI

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի կողմից ներկայացված նախագծում, որով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով՝ հավելվածի միջոցով փոխանցել ոստիկանությանը, արվել են փոփոխություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց Գաբրիելյանը:

Նախագծով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութն արձանագրած քաղաքացու տվյալները գաղտնի են լինելու:

Հեղինակները նախագծի վերաբերյալ առաջարկ են ստացել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից: Գաբրիելյանը նշեց՝ ներկայացվող նախագծում հաշվի են առել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից առաջին ընթերցմամբ քննարկմանը հնչեցված մտահոգությունները: «Սահմանել ենք, որ կառավարությունը կսահմանի ամսական և տարեկան առավելագույն չափը, որով միևնույն քաղաքացուն հնարավորություն կտրվի միևնույն անձի նկատմամբ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն: Այսինքն` լինելու է սահմանափակում: Կառավարության հետ նախնական քննարկման արդյունքում կսահմանվի, երևի, ամսական ոչ ավել, քան 1 և տարեկան ոչ ավել, քան 10 էլեկտրոնային հաղորդում՝ 1 անձի կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ»,-ներկայացրեց Գաբրիելյանը:

Նախագծում նաև հստակեցրել են, որ կառավարությունը պարտադիր սահմանելու է, թե հատկապես որ իրավախախտումների դեպքում կարելի է ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն: Եթե լինեն սահմանված կարգի խախտմամբ էլեկտրոնային հաղորդումներ, վարչական մարմինը մինչև 3 ամսով կարող է սահմանափակել տվյալ անձի հասանելիությունը էլեկտրոնային հարթակում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...