Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Հայաստանի հետ հարաբերություններում ամենանշանակալին համարում է տնտեսության ոլորտը, որում զգալի առաջընթաց է նկատում:

Գախարիան նման տեսակետ հայտնեց Երևանում լրագրողների հետ հանդիպմանը՝ խոսելով նաև ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներից:

«Անդրադարձել ենք երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին, որը դարավոր պատմություն ունի: Եվ դա ավելի կխորացնենք ու կընդլայնենք: Երկու երկրների միջև ամենանշանակալին տնտեսությանն է, որտեղ լավ առաջընթաց ունենք: Քննարկել ենք նաև տրանսպորտի, էներգակիրների համագործակցության հարցեր»,-ասաց Գախարիան:

Վարչապետերը մշակութային բնագավառում ևս համագործակցելու շարունակական ուղի են նախանշել: Գախարիայի խոսքով՝ Փաշինյանի հետ հանդիպմանն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի և արձանագրել, որ խաղաղությունը տարածաշրջանում ամենակարևորն է, որպեսզի կարողանան կենտրոնանալ էկոնոմիայի վրա և քաղաքացիներին բարեկեցության հնարավորություն տան:

Վրաստանի վարչապետը համոզվածություն հայտնեց, որ այս հանդիպումը ևս առաջընթաց քայլ կլինի երկու երկրների համագործակցության խորացման համար:

Վրաստանի վարչապետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...