ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Ազատություն ռադիոկայանին ասել է, որ իրեն չեն ստիպել հրաժարական տալ, ինքն է կամովին թողել ՍԴ նախագահի պաշտոնը, քանի որ ընտրվել էր ԲԴԽ անդամ եւ նպատակահարմար չի համարել լինել մի մարմնի խորհրդի անդամ եւ զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը:

Խոսքը վերաբերում է 2018 թականի մարտին: Հարությունյանը հրաժարական տվեց, ՍԴ նախագահ դարձավ Հրայր Թովմասյանը: Դա տվել է հնարավորություն, որ Թովմասյանի վրա տարածվի ոչ թե նոր Սահմանադրությամբ նախատեսված վեցամյա պաշտոնավարման ցենզը, այլ 2005 թվականի Սահմանադրությամբ նախատեսված մինչեւ թոշակի տարիք պաշտոնավարելու ցենզը: Ինչպես հայտնի է, հարցն այժմ թե ներքաղաքական բուռն քննարկումների, թե արդեն նաեւ քրեական գործի առիթ է:

Այստեղ իհարկե առաջանում է մեկ այլ հարց: Ենթադրենք, որ Հրայր Թովմասյանը պաշտոնավարում էր վեցամյա ցենզի ներքո: Ի՞նչ էր փոխում դա ներկայիս քաղաքական տրամաբանության համատեքստում: Թերեւս՝ ոչինչ: Աներկբա է, որ գործընթացը քաղաքական դիրքային պայքարի տրամաբանության ներքո է, եւ նոր իշխանությունը փորձում է կամ վերցնել այդ դիրքն էլ՝ գործադիր եւ օրենսդիր իշխանությունից հետո, կամ առնվազն այդ դիրքի վրա ուժեղ ճնշման շնորհիվ լուծել մի շարք այլ հարցեր, ընդ որում ոչ միայն իր շրջանակից դուրս, այլ նաեւ ներիշխանական հարցեր, կամ հեղափոխական թիմում եղած հարցեր:

Նիկոլ Փաշինյանը հեղափոխության առաջնորդից հայտնվելով արդեն իշխանության ղեկավարի եւ պետության առաջին դեմքի կարգավիճակում, հեղափոխական թիմի կամ հավաքականի ներսում էլ ունի լուծելու ենթակա էական հարցեր:

Գագիկ Հարությունյանը նշում է, թե հեքիաթ է, որ իրեն ստիպել են հրաժարական տալ: Բայց, հանրությունն էլ թերեւս հեքիաթ կհամարի, թե Գագիկ Հարությունյանը հենց այդպես որոշեց տալ հրաժարական եւ այն չհամաձայնեցրեց Սերժ Սարգսյանի հետ: Ճշմարտությունն իհարկե ավելի շատ երկու «հեքիաթների» մեջտեղում է, եւ Սերժ Սարգսյանն է թերեւս կայացրել որոշում, որի առիթով ստացել է Գագիկ Հարությունյանի համաձայնությունն, ու ՍԴ նախագահը հրաժարվել է այդ պաշտոնից:

Հարությունյանն այդ պաշտոնում իր անելիքը արել էր լիուլի, անցնող մոտ 25 տարում, Սահմանադրական դատարանի ձեւավորումից, երբ սկսած 1996 թվականից նա դարձել էր Հայաստանում իշխող համակարգի վերարտադրության «սահմանադրական կնքահայրը»:

2018-ից հետո Հայաստանի իշխող համակարգի մոդելային վերափոխումը հուշում էր, որ իրավիճակը թեւակոխում է արդեն բոլորովին այլ տրամաբանություն, որտեղ վերարտադրությունն օրակարգից դուրս չէր գալու, սակայն ենթարկվելու էր բնույթի էական փոփոխության, քանի որ դա ոչ միայն ներքին, այլեւ աշխարհքաղաքական իրողությունների պահանջն էր:

Ըստ այդմ, Սերժ Սարգսյանի համար ամենեւին բարդ չէր Գագիկ Հարությունյանին համոզել, որ թեկուզ ժամանակից շուտ, բայց հեռանալու ժամանակն է:

Ի վերջո, այդ հարցում Հարությունյանին համոզելու դժվարություն չունեցավ նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին Ընդհանուր իրավասության դատարանի վճռից հետո մայիսի 20-ին ունեցավ դատաիրավական համակարգի մասին հայտնի ելույթը: ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը մի քանի օր անց հրաժարական տվեց, փաստացի բացելով նոր ԲԴԽ ձեւավորման ճանապարհը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...