ETM

Երևանում այսօր տեղի է ունենալու աննախադեպ հավաք: ԵՏՄ Վեհաժողովը Հայաստանում անցկացվելու է ԵՏՄ-Իրան-Սինգապուր ձևաչափով:

Այստեղ, իհարկե, մենք կարող ենք խոսել ոչ ֆորմալ ձևաչափի մասին՝ ընդհուպ անհասկանալի ձևաչափի մասին, որովհետև դժվար է պատկերացնել դրա որևէ համանման շարունակություն: Սակայն միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանին փաստացի հաջողվել է ԵՏՄ երևանյան, թերևս, հերթական Վեհաժողովին տալ այդ քաղաքական աննախադեպության փաթեթը, որն ինքնին, այսպես ասած, քաղաքական պրոտոկոլ լինելուց զատ, անշուշտ նաև իրական քաղաքականություն է՝ իր գուցե հարաբերական աստիճանի խորությամբ:

Խորությունն ըստ երևույթին կախված է այն օրակարգից, որ Երևանին կհաջողվի դնել երևանյան հավաքի մասնակիցների առաջ՝ ոչ միայն եվրասիական թղթերի տրցակում, այլ նաև երկրների առաջին դեմքերի շփումներում: Հայաստանի Եվրասիական անդամության թեման բավականին հանգամանալից դիտարկված և գնահատված է, սկսած 2013 թվականի սեպտեմբերի 3-ից կամ դրանից էլ առաջ:

Թավշյա հեղափոխությունից հետո նոր իրավիճակում խնդիրներն ու իրողությունները վերաձևակերպվեցին նորովի, և առերևույթ զգալի հակասականությամբ: Միաժամանակ, այստեղ պետք է արձանագրել ոչ միայն Հայաստանում հեղափոխության, այլ նաև ընդհանրապես աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության արագ փոփոխությունների ազդեցությունը: Եվ այդ առումով, առաջին հայացքից սուր հակասությունը, որ առաջանում է անփոփոխ իշխանության ավանդույթներով Եվրասիական միության երկրների և թավշյա ժողովրդավարական հեղափոխություն իրականացրած և ժողովրդավարության այցեքարտով ներկայացող Հայաստանի միջև, խորքային առումով այդքան էլ այդպիսին չէ, եթե հաշվի առնենք հենց համաշխարհային փոփոխությունների դինամիկան, թրենդն ու համատեքստը և դրանց հանդեպ ԵՏՄ երկրների ունեցած խնդիրներն ու մարտահրավերները:

Խորհրդանշական է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո, ԵՏՄ հիմնադիր եռյակում՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, գործնականում խորքային և բազմաշերտ բավականին բարդություններով կանգնած է իշխանության ձևավորման, վերաձևավորման, վերաձևակերպման խնդիրների մի մեծ փաթեթ: Ու այստեղ արդեն, եթե, այսպես ասած, քարոզչական մակարդակում Հայաստանը դիտարկվում է իբրև անցանկալի նախադեպ կամ սպառնալիք, բուն «էլիտաների», այսպես ասած, սահմանափակ շրջանակներում Հայաստանի ընկալումը, թերևս, բոլորովին այլ է: Ամբողջ հարցը նաև այն է, թե այդ իրողություններն ինչպես են ընկալվում հայկական նոր ստեղծվող էլիտայում, առավել ևս այն պայմաններում, որ իշխանությունից հեռացված «էլիտան» փորձում է իր զինանոց ներառել ԵՏՄ անդամ մյուս երկրներում և հատկապես Ռուսաստանում առկա իշխանության խնդրից բխող նուրբ հանգամանքները և այն զգայունությունը, որ առկա է այդ երկրի տնտեսա-քաղաքական իսթեբլիշմենթում:

Ահա այդ իմաստով, ընդլայնելով ԵՏՄ քաղաքական շրջանակը, պաշտոնական Երևանը մի կողմից ցույց է տալիս փոփոխության միջոցով քաղաքական գործոնի նոր աստիճանին հայտնվելու իրողությունը, ինքնուրույն քաղաքականության իրողությունը, ԵՏՄ, այսպես ասած, օրակարգ բերելու, նախաձեռնողության իրողությունը, մյուս կողմից նաև վկայում, որ այդ ամենը բոլորովին միտված չէ ԵՏՄ դեմ և հակառակը՝ Երևանը ի վիճակի է իր հեղափոխության շնորհիվ հեղափոխական փոփոխության նախադրյալ ձևավորել, կամ խոսակցության, քննարկումների հիմք դնել Եվրասիական «պահպանողական» ակումբում, որի հետևանքից վախենալու փոխարեն, արժե մտածել հնարավոր արդյունքի մասին, Երևանի միջազգային նոր վարկի և վարկանիշի շնորհիվ՝ այդ արդյունքի միջազգային լեգիտիմության բարձր հավանականության մասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...