Հոկտեմբերի լույս 22-ի գիշերը՝ ժամը 01։05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Վարդաշենի 2-րդ փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում սպանություն է եղել:

Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ու քննչական կոմիտեի աշխատակիցներ, որոնք հիշյալ բնակարանում հայտնաբերեցին 1955 թվականին ծնված տանտիրուհու դին։ Դիակի զննությամբ մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ պարանոցին, հայտնաբերվեցին կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նշանակվեցին փորձաքննություններ։ Առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Օպերատիվ և համագործակցված աշխատանքի շնորհիվ պարզվեց սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 46-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 23-ին կասկածվողը ինքնակամ ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին։ Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։

Հոկտեմբերի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները բացահայտել են հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակչուհի, 64-ամյա Ց. Բ.-ի առանձնակի դաժանությամբ սպանությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժին է մեղայականով ներկայացել նույն շենքի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանը: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարվածը և քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է, սակայն երկար տարիներ նրանց միջև ոչ մի շփում չի եղել: Կարելի է ասել՝ Գ. Մաշադյանը իր կյանքը վարել է եղբորից անկախ և նրանք երկար տարիներ միմյանց չեն հանդիպել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...