BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդաշարին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Հայաստանում մեծ աղմուկ առաջացրեց: Ասել, թե արտգործնախարարն ընդհանրապես չէր տվել դրա առիթը, թերեւս սխալ կլինի:

Կային հարցեր, որտեղ Հայաստանի արտգործնախարարը պետք է տար առավել համարձակ եւ հստակ գնահատական ու պատասխաններ, չտալով որեւէ շահարկման տեղիք: Առավել եւս, որ կա այդպիսի պատասխանների հիմք:

Մասնավորապես, խոսքն առնչվում է Արցախի հայկական տարածք «չլինելու», կամ պատերազմի շրջանում հայկական զինուժի ինչ որ «իրավունքի խախտումներ» թույլ տալու մասին հարցերին:

Այդ իմաստով, նաեւ բնական է, որ հանրային լեգիտիմ մանդատով օժտված քաղաքական ղեկավարությունից հանրությունն ակնկալում է պետության համար կարեւորագույն հարցում առավել հստակ եւ ինքնավստահ դիրքորոշումների արտահայտում:

Միեւնույն ժամանակ, այստեղ գործ ունենք շատ ավելի խորը խնդրի հետ, որն արտացոլվել է մեկ հաղորդման շրջանակում, սակայն գործնականում կարգավորման 25-ամյա քաղաքականության ընթացքում ձեւավորել է մի ամբողջ քաղաքական իրականություն, կամ ռազմա-քաղաքական իրականություն: Հաղորդավարի սադրիչ հարցերը, որոնք ինքնին բխում են հաղորդման ֆորմատից, որպես բովանդակություն «բխել» են հենց 25-ամյա քաղաքականությունից, որ վարել է Հայաստանի իշխանությունը Արցախի հարցում, պատերազմի հաղթող կողմին տարեցտարի, քայլ առ քայլ դնելով պատասխանողի, պաշտպանվողի, արդարացողի դիրքում եւ Ադրբեջանին տալով «պատերազմի իրավունք» ձեւավորելու հնարավորություն:

Բաքուն այդ «իրավունքը» հասունացրեց Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի գործուն օժանդակությամբ, ընդ որում ոչ թե ապրիլյան քառօրյային նախորդած մեկ-երկու տարվա, այլ դե ֆակտո մոտ տասնամյակի ընթացքում, երբ 2004 թվականից ռուս-ադրբեջանական գործակցությունը երկուստեք բնորոշվեց ռազմավարական գործընկերային, իսկ Պուտինը ծաղիկներ դրեց Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմում զոհվածների հուշարձանին:

Այդ տրանսֆորմացիան պայմանավորվեց նրանով, որ Հայաստանում ներքին կյանքը, իշխանության հարցը չդիտարկվեց Արցախի հաղթանակը սպասարկելու միջոցի տրամաբանության մեջ, այլ հակառակը՝ Արցախի հաղթանակը սկսեց դիտարկվել ներքին կյանքում իշխանական դիրքերն ապահովելու միջոցի տրամաբանությամբ:

2016 թվականին այդ իրավիճակը ի վերջո «պայթեց», բայց միեւնույն ժամանակ բանակն ու հանրությունը կարողացան դիմադրել եւ չեզոքացնել պայթյունը, ավելին, գործնականում անել այնպես, որ իրավիճակը ստացավ Ալիեւի իսկ ձեռքում պայթած նռնակի տրամաբանություն: Բայց քաղաքական ղեկավարությունն անկարող եղավ զարգացնել այդ իրողությունը, որովհետեւ ներքին տրամաբանությունը շարունակում էր նույն «մսխման պահանջն» ունենալ Արցախի հարցից եւ արտաքին քաղաքականությունից ընդհանրապես:

Արտգործնախարարի հարցազրույցն ընդհանուր առմամբ թողնում էր ավելի շատ նոր ու հին իրավիճակների սահմանագծի տեղակայման տպավորություն:

Այդ իմաստով, Զոհրաբ Մնացականյանն իհարկե արեց մի առանցքային արձանագրում՝ նա դիվանագետ էր նախկինում, որը հեղափոխությունից հետո թողնում է այդ կարգավիճակն ու անցնում նոր քաղաքական ղեկավարության հետ քաղաքական պատասխանատվության, քաղաքական կարգավիճակի դաշտ: Հարցազրույցում սակայն ավելի շատ խոսում էր թերեւս դիվանագետ Մնացականյանը, քան քաղաքական գործիչը, նախարարը:

Այստեղ կա խնդիր, որը պետք է լինի ուշադրության կենտրոնում եւ պետք է արագացվի դիվանագետից քաղաքական գործիչ, քաղաքական դեմք տրանսֆորմացիան: Դրանք իհարկե արտգործնախարարի դեպքում պետք է լինեն փոխլրացնող կատեգորիաներ, սակայն առաջնորդողը պետք է լինի քաղաքականը:

Միեւնույն ժամանակ, հարցազրույցը իր բարձրացրած աղմուկով կատարեց նաեւ որոշակի լյուստրացիոն դեր: Հնչեցին նախարարի հրաժարականի պահանջներ: Արդյոք հարցազրույցն ինքին տալիս էր դրա սուր անհրաժեշտությունը: Թե՞ հարցազրույցն ընդամենը տվեց առիթը, սուր անհրաժեշտությունը բարձրաձայնելու: Իսկ անհրաժեշտությունը գուցե որոշ շրջանակների համար հենց ամենասկզբից տվել էր Զոհրաբ Մնացականյանի դիվանագիտական անցյալը, օրինակ այն, որ նա բանակցել էր ԵՄ հետ Ասոցացման գործընթացը, որը պետք է ապահովեր պատերազմ կանխարգելող ռազմա-քաղաքական բալանսը ռեգիոնում, եւ ինչի համար էլ թերեւս դրվեց այն կոպիտ ձեւով տապալելու գերխնդիր, ինչից հետո սկսվեց պատերազմի հասունացման ինտենսիվ, եզրափակիչ փուլը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •