ՍԴ նախկին դատավոր Վոլոդյա Հովհաննիսյանի կարծիքով այսօր Հայաստանի դատական իշխանության շուրջ ստեղծված իրավիճակը էքստրեմալ է։

«Ամբողջ մամուլը զբաղված է այդ ամենով, ամբողջ հանրապետությունը գործերը թողել է՝ զբաղվում է այդ հարցով։ Էքստրեմալ է չէ՞ ։ Պատկերացնո՞ւմ եք դատավորների վիճակը, որ հեռուստացույցը միացնում են՝ իրենց մասին են խոսում, ինտերնետում իրենց մասին են խոսում, թերթերը բացում են՝ իրենց մասին են խոսում , բա էքստրեմալը էլ ո՞նց է լինում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Վոլոդյա Հովհաննիսյանը։

ՍԴ նախկին դատավորի գնահատմամբ, բացասական առումով ուշադրության ներքո գտնվելը, անընդհատ քննադատվելու հանգամանքը ճնշում է։

Հարցին, ստեղծված իրավիճակում, դատավորներ Դավիթ Գրիգորյանի, Ալեքսանդր Ազարյանի ու հիմա արդեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող զարգացումներից հետո, արդյո՞ք դատավորները կարող են անկախ ու անկաշկանդ որոշում կայացնել՝ առանց մտածելու, թե ինչպիսին կլինի տվյալ որոշմանը իշխանական արձագանքների մասին, Վոլոդյա Հովհաննիսյանը, պատասխանել է. «Ես ժամանակին սրանից ավելի ծանր վիճակում եմ եղել եւ անկախ որոշում եմ կայացրել։ Գիտեք, դատավորի արժեքը դրա մեջ է, որ կարողանա նման էքստրեմալ պայմաններում որոշում կայացնել, թե չէ ոչ մի խոսակցություն չլինի՝ ոչ հասարակության ոչ իշխանության կողմից, փոքրիկ երեխան էլ որոշում կկայացնի։ Դատավորի ուժը, հզորությունը հենց նրանում է, որ կարողանա այսպիսի արտակարգ իրավիճակներում սկզբունքայնություն դրսեւորել եւ ճիշտ, արդարացի որոշում կայացնել»։

Արդյոք գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում կա։ Վոլդյա Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, պետք է ուսումնասիրել, ունենալ լուրջ ապացույցներ, ոչ կարող եմ ասել՝ այո, ոչ կարող եմ ասել՝ ոչ»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...