ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այցը, մասնավորապես դրա, այսպես ասած, Հայաստան-արցախյան հատվածը համընկավ Բաքվում Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովի հետ, որի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն հնչեցնում էին իրենց համար ավանդական և սովորական դարձած ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանությունը, այլ նաև հավակնություններ ներկայացնում Զանգեզուրի առումով:

Այդ հայտարարությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահների այցը ստանում է բավականին հակասական երանգավորում: Ի՞նչ են ուզում համանախագահները Հայաստանից, Արցախից, և ի՞նչ բովանդակությամբ: Եթե նրանք ուզում են խաղաղություն, ապա համանախագահները թերևս պետք է գային ոչ թե Հայաստան, այլ մեկնեին Բաքու, որտեղ Էրդողանն ու Ալիևը զարկ էին տվել երևակայությանն ու ռեգիոնալ հավակնությունների շքերթ կազմակերպել: Որովհետև ռեգիոնալ և միջազգային անվտանգության ցցուն սպառնալիքները Բաքվում էին, երկուսը մի տեղում, երկու ոչ երնեկը մեկ տեղում:

Երբ համանախագահները Երևանում ու Ստեփանակերտում խաղաղության հարց էին քննարկում, Բաքվում էր «ցանվում» ռեգիոնալ նոր պատերազմը: Կտա՞ այն ծիլեր, կախված է հանգամանքից, թե ուժային երեք կենտրոնները՝ Վաշինգտոնը, Մոսկվան ու Փարիզը ինչպես կարձագանքեն խաղաղության սպառնալիքներին և որքանով ճիշտ կընտրեն իրենց ռեգիոնալ «գեոլոկացիան»: Երեք ուժային կենտրոնները ներկայումս Սիրիայում Թուրքիայի նախաձեռնած պատերազմի պայմաններում ունեն իրարամերժ դիրքորոշումներ, և դա նորություն չէ:

Նույնը հնարավոր չէ ասել Կովկասի առումով, քանի որ ակնառու է համանախագահ երեք երկրների կոնսենսուսը՝ ընդդեմ ռեգիոնալ նոր լարվածության: Բայց խնդիրն այն է, թե ինչպիսի տրամաբանություն է առկա այդ լարվածության կանխման կամ զսպման առնվազն միջնաժամկետ տիրույթում:

Այդ համատեքստում առանցքային է դառնում, թե ինչ է դիտարկվում Հայաստանը՝ Արցախը ներառյալ: Դիտարկվում է որպես ռեգիոնալ անվտանգության և կայունության պարե՞կ, որին աջակցում են հնարավոր միջոցներով, թե՞ դիտարկվում է Ադրբեջանի ու Թուրքիայի ավար: Պետք է նկատել, որ, համենայնդեպս, արցախյան շարժման, պատերազմի ընթացքն ու հայկական հաղթանակը, և ընդհանուր առմամբ հետագա քառորդ դարը՝ չնայած դրա ընթացքում հակասական փուլերին, վկայում են, որ Հայաստանը դիտարկվում է անվտանգության և կայունության պարեկ: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հանդեպ այդ դիտարկումները կարող են ստանալ նոր լիցք՝ լեգիտիմ իշխանության տեսքով:

Միաժամանակ, սակայն, նոր իշխանությունն էլ չպետք է բավարարվի լոկ լեգիտիմության պաշարով և ինքն էլ իր հերթին պետք է սնուցի Հայաստանի դերի վերաբերյալ միջազգային դիտարկումները: Եվ, խոշոր հաշվով, այդ հանգամանքը ներկայումս հայկական պետականության օրակարգի առաջնային հարցերից է՝ սնուցել հայկական դերակատարման միջազգային լեգիտիմությունը նոր գաղափարներով ու ռեգիոնալ նոր մտահղացումներով: Ժողովրդավարությունն այստեղ կարևոր ասպեկտ է, անհրաժեշտ, սակայն ոչ բավարար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...