Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունն ու պատրաստ է աշխատել նոր կառավարության հետ տարբեր ուղղություններով գործակցությունը խորացնելու համար:

Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա ինչպես հայտնի է Փաշինյանի հրավերով Երևան է ժամանել ԵՏՄ Վեհաժողովին մասնակցելու համար՝ հյուրի կարգավիճակով: Վեհաժողովից առաջ տեղի ունեցած երկկողմ հանդիպմանն Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են երկկողմ գործակցության ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցեր, խոսել Պարսից ծոց Սև ծով տարանցիկ միջանցքի մասին, որ դեռևս 2016 թվականից Հայաստանին առաջարկում է Թեհրանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է այդ ուղղությամբ քայլերի պատրաստակամության մասին, նշելով, որ Հայաստանի համար դա ռազմավարական կարևորություն ունեցող հարց է: Փաշինյանը միաժամանակ նշել է, որ Իրան-Հայաստան հարաբերությունը պետք է զերծ լինի աշխարհաքաղաքական ազդեցությունից, քանի որ այն հույժ կարևոր նշանակություն ունի հարևան երկու պետությունների համար:

Հայաստանի վարչապետը անշուշտ նկատի ունի իրանյան միջուկային ծրագրի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը, որի կապակցությամբ Հայաստանն իհարկե հարաբերվում է ԱՄՆ հետ, բացատրելու համար, որ Իրանի հետ հարաբերությունը չի վտանգում միջազգային կայունությունն ու անվտանգության համակարգը, այլ թերևս հակառակը՝ Իրանը օգտակար գործոն և աջակից է Հայաստանի համար արցախյան գոտում կայունության և անվտանգության հարցում, ինչը ռեգիոնալ և միջազգային անվտանգության կարևորագույն օղակ է:

Իհարկե հայ-իրանական երկխոսությունը մշտապես եղել է բավականին առատ՝ նախագծերի և ուղղությունների թվարկման առումով, սակայն գործնական առումով դրանք ավելի շատ մնացել են խոսակցության մակարդակում և այստեղ իհարկե մեկ այլ «աշխարհաքաղաքական» գործոն էլ կա՝ Ռուսաստանի խանդը: Հայաստանին հաջողվո՞ւմ է ան հաղթահարել և ավելի ինքնիշխան լինել Իրանի հետ աշխատանքում: Սա մի հարց է, որի պատասխանը թավշյա հեղափոխությունից հետո դեռ պետք է ստանալ, թեև այդ առումով իհարկե իրավիճակ փոխվել է ոչ միայն հեղափոխությամբ, այլ դեռևս ապրիլյան քառօրյայից հետո: Այդուհանդերձ, հիմնարար հարցերի պատասխանը կլինի հայ-իրանական գործակցության նոր առարկայական դրսևորումների տեսքով, նոր ծավալի և մասշտաբի տեսքով:

Ողջունելի է, որ երկու կողմը այդ առումով դրսևորում են տպավորիչ հռետորաբանություն, որին պետք է հաջորդեն նույնքան կամ համարժեք տպավորություն թողնող գործնական քայլեր: Իսկ երևանյան հանդիպման մի առանձնահատկություն է թերևս այն, որ հայ-իրանական երկխոսության հռետորաբանության մեջ կարծես թե առաջին անգամ շոշափվում է արդիական, այլընտրանքային էներգետիկայի նկատմամբ Իրանի հետաքրքրությունը: Նախագահ Ռոհանին հայտարարել է, թե Թեհրանը պատրաստ է աշխատել Երևանի հետ գազի, նաև քամու և արևի էներգիայի արտադրության ուղղություններում:

Դա գործնականում նոր առաջարկ է, ուղղություն, որ նախկինում կարծես թե չի նշմարվել հայ-իրանական օրակարգում: Իսկ այստեղ խոսքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ և տեխնոլոգիական ուղղության մասին է: Ըստ այդմ, դրանով փաստացի ստեղծվում է հայ-իրանական գործակցությունը նոր իրողությունների պայմաններում չափելու ևս մի նշաձող:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...