Թուրքիայի ներխուժման գործընթացը անկասկած ներառելու է ընդհուպ «ադրբեջանական մետաստազներ»

- in Կեղտոտ լվացք

Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա և միջազգային հանրությանը կոչ է անում կանխել այն, կանխարգելել դրա հետևանքով մարդասիրական աղետի սպառնալիքը:

Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ ասելով նաև, որ կլինի փակ քննարկում ստեղծված իրավիճակի և Հայաստանի քայլերի շուրջ:

Որո՞նք են լինելու Հայաստանի քայլերը: Ակնառու է, որ նախևառաջ Հայաստանի մտահոգությունը պետք է լինի ռազմական գործողությունների դիապազոնում գտնվող հայության անվտանգությունը: Այդ գոտում ապրում են մի քանի հազար հայեր, ըստ տարբեր փորձագիտական գնահատականների՝ մոտ 3000: Անհրաժեշտ է հնարավորն անել հայերի անվտանգությունն ապահովելու, հարկ եղած դեպքում նրանց ընդհուպ Հայաստան տեղափոխելու համար:

Միևնույն ժամանակ ակնառու է, որ Հայաստանը չի կարող բավարարվել միայն հայրենակիցների անվտանգության և մարդասիրական հարցերով մտահոգվելով, և այդ տեսանկյունից կարևոր է, որ թե՛ վարչապետի հայտարարությունը, թե՛ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը դատապարտելով Թուրքիայի ներխուժումը՝ բոլորովին չի կենտրոնացել դրա հետևանքով միայն հայությանը սպառնացող վտանգի վրա:

Միաժամանակ կարևոր է, որ Հայաստանը վերահաստատել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացումը, ինչը մարդասիրական ասպեկտից զատ՝ ունի նաև քաղաքական մեսիջ՝ ռեգիոնում Հայաստանի գործընկերներին, որոնք իհարկե միայն Սիրիայում չեն և ներառում են պետությունների լայն շրջանակ: Մեծ հաշվով, այդ իմաստով թուրքական ներխուժումը լոկ ռազմական ակտ չէ և լոկ Թուրքիայի և գործընթացում ու ռեգիոնալ իրադրությունում ներգրավված գերտերությունների հարաբերության խնդիր չէ, այլ ընդհանրապես ռեգիոնալ իրադրության նոր շրջափուլ, որտեղ շատ կարևոր է Հայաստանի հարաբերությունը թե՛ այդ գերտերությունների հետ, թե՛ ռեգիոնալ պետությունների ու ժողովուրդների: Եվ այստեղ մարդասիրական շեշտադրվածությամբ քաղաքական վստահելիության գործընկերային մեսիջը անշուշտ կարևոր է, հատկապես նաև Իսրայելում դեսպանատուն բացելուց օրեր առաջ Երևանի կայացրած բազմաշերտ որոշման ֆոնին:

Միևնույն ժամանակ, մերձավորարևելյան ռեգիոնի իմաստով Հայաստանը դեռևս երկար ժամանակ չի կարող ակնկալել կայուն իրավիճակ, և, այսպես ասած, դռնփակ քննարկումների անհրաժեշտությունները կկրեն պարբերական բնույթ, և այդ իմաստով անշուշտ Հայաստանի անելիքի շուրջ քննարկումները պետք է ներառեն առնվազն միջնաժամկետ տիրույթ և ընդգրկեն իհարկե լայն դիապազոն, որովհետև Թուրքիայի ներխուժման գործընթացը անկասկած ներառելու է ընդհուպ «ադրբեջանական մետաստազներ», և Հայաստանի ուշադրությունն այդ առումով պետք է, Սիրիային զուգահեռ, մեծ կենտրոնացվածություն ունենա դեպի Նախիջևան և դեպի Ադրբեջան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...