Erdoghan

Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժման իրողությունը Հայաստանում հասկանալիորեն առաջացրել է հանրային բուռն արձագանք՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, որոնցից երկուսն անշուշտ հատկապես առաջնային և կարևոր են:

Մեկը, բնականաբար, ներխուժման գոտում մեր հայրենակիցների բնակության հանգամանքն է, նրանց համար մտահոգությունն ու նրանց անվտանգության հարցում Հայաստանի անելիքի մասին քննարկումները, մյուսը՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը՝ հաշվի առնելով այն, որ այդ երկիրը նաև Հայաստանին է հարևան ու սահմանակից, այդ երկիրը հայտնի հարցեր ունի հայության հետ, Հայաստանի հետ, ունի իր ռազմավարական նկրտումները և, ի հավելումն այդ պատմական համատեքստի, նաև Ադրբեջանի «ավագ եղբոր» գործոնը, բարդույթը կամ, այսպես ասած, «պատասխանատվությունը»:

Միով բանիվ, Թուրքիան ցուցադրում է իր ագրեսիվ քաղաքական «հավատամքը» հերթական անգամ, և այդ Թուրքիան խնդիրներ ունի նաև հայկական գործոնի հետ և սահմանակից է հայկական պետությանը: Այդ համատեքստում քննարկումներում նկատելի է բավականին տարածված «տրենդը», որն արտահայտվում է Հայաստանում ռուսական ռազմակայանի վերաբերյալ դատողություններով:

Շատերը Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման հանգամանքը դարձրել են առիթ Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը հիմնավորելու և այդ ներկայության մասին որևէ քննարկում, այսպես ասած, մերժելի համարելու համար: Նույնիսկ տպավորություն է, որ այդ մարդկանց ոչ այնքան Սիրիայի հյուսիսում իրավիճակն ու մեր հայրենակիցների անվտանգությունն է հետաքրքրում, որքան հնարավորությունը, որ կարող ենք, այսպես ասած, որևէ քննարկումից դուրս դնել ռուսական ռազմակայանն ու դրա գոյությունը Հայաստանում: Եվ ընդհանրապես, այստեղ խնդիրը շատ ավելի լայն է, և փաստացի հանրային գիտակցության մեջ ուժգին գեներացվում է Ռուսաստանի «փրկիչ» լինելու հանգամանքը, թուրքական առիթն օգտագործվում է դրա համար:

Այն, որ Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության հարցում Ռուսաստանն ունի մեծ դերակատարում, և ռուսական ռազմակայանն էլ կարևորագույն միջոց է այդ հարցում՝ կասկածից վեր է: Այն, որ բավականին պարզունակ և ծայրահեղ են ռազմակայանը Հայաստանից դուրս բերելու անվերապահ պնդումները՝ ևս երևի թե անկասկած է: Խնդիրը, սակայն, հետևյալն է. նախ՝ ինքնին ռազմակայանի գոյությունն ու Ռուսաստանի կարևոր դերը դեռ չի նշանակում այդ դերի անխափան և անկասկած իրականացում, և մենք դրանում համոզվել ենք մինչև ապրիլյան քառօրյան, երբ Ռուսաստանն իր կարևոր դերը գործադրում էր ընդամենը հայության զգացմունքների վրա խաղալու և այդ ամենը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրի առարկա դարձնելու համար:

Ըստ այդմ՝ գլխավոր խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպես է ստեղծում իրավիճակ, երբ Ռուսաստանն ու դրա ռազմակայանը իրենց դերը կատարում են Հայաստանի և Արցախի շահի ու անվտանգության համատեքստում, ոչ թե այդ շահն ու անվտանգությունը թուրքերի հետ առևտրի հանելու: Իսկ այստեղ շատ կարևոր է այն, որ ՌԴ կարևորագույն դերն արձանագրելով հանդերձ՝ հայ ժողովուրդը երբեք չմոռանա, այսպես ասած, իր «դերի և կարևորության» մասին և ամենևին չկարծի, թե իր անվտանգությունը պայմանավորված է որևէ մեկ փրկչով, և առանց այդ «փրկչի» մենք կորած ենք:

Ռուսաստանին իր դերը կատարել պարտադրելու և թուրքերի հետ մեր անվտանգության հաշվին առևտրից հետ պահելու համար առաջնային նշանակության հանգամանքներից է այն, որ մենք երբեք չհամարենք, թե Ռուսաստանից բացի՝ չունենք անվտանգության այլ դաշնակցային կամ գործընկերային այլընտրանք: Ըստ այդմ՝ վտանգավոր է, երբ սիրիական ներկայիս իրավիճակը որոշ շրջանակներ օգտագործում են քարոզչական նուրբ տեխնոլոգիայով ներշնչելու, թե, իհարկե, Ռուսաստանն ունի Հայաստանի հանդեպ քաղաքականության որոշ խնդրահարույց պահեր, սակայն մենք չունենք անվտանգության այլընտրանք: Այդտեղից է սկսվում ռուս-թուրքական վտանգավոր առևտուրը Հայաստանի շահերի հաշվին՝ Հայաստանի և հայության գիտակցության մեջ այլընտրանքի բացակայությունը սպանելուց:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...