Danakaharutyun

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Եգանյանի գործի դատական քննությունը:

41-ամյա Դավիթ Եգանյանին մեղադրանք էր առաջադրվել երկու մարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախկինում Դավիթ Եգանյանը քրեական օրենսգրքի նույն հոդվածի նույն մասով դատված էր եղել՝ 2010 թվականի փետրվարի 16-ի դատավճռով նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով ու դատապարտվել էր 6 տարի ազատազրկման:

Դատվածությունը չմարված՝ նա նորից համասեռ հանցավոր արարք էր կատարել:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հուլիսի 29-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Դավիթ Եգանյանը Նոր Նորքի 6-րդ զանգվածի «Հուշարձան» կոչվող ագում հանդիպել է Էռաստ Ա.-ին ու Գեղամ Մ.-ին: Նրանց առաջարկել է միասին գարեջուր խմել:

Առաջարկն ընդունվել է, Էռաստ Ա.-ն առաջարկել է գարեջուրը խմել մոտակայքում գտնվող իր տանը:

Խանութից գնել են օղի, գարեջուր, ուտելիք, գնացել են Էռաստի տուն: Խմելու ընթացքում Դավիթ Եգանյանը, ըստ մեղադրանքի, տանտեր Էռաստին սկսել է անվանել «թուրքի լամուկ»: Տանտերը զայրացել է, վիճել է Դավիթի հետ: Վեճին միջամտել է Գեղամ Մ.-ն: Դավիթ Եգանյանը սեղանից վերցնելով խոհանոցային դանակը՝ չորս անգամ հարվածել է Գեղամ Մ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի աջ կեսի առաջնային մակերեսի ծակած-կտրած, թափանցող, պարանոցի ձախ կեսի հետին կողմնային ու հետին մակերեսի չթափանցող վերքերի ձևով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Դավիթ Եգանյանը դանակի երկու հարված էլ հասցրել է տանտիրոջ՝ Էռաստի կրծքավանդակին՝ պատճառելով կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող, կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող վերքերի ձևով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Դատարանում Դավիթ Եգանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվ Դավիթ Եգանյանի կողմից:

Դավիթ Եգանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել է 6 տարի 8 ամիս ազատազրկման:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...