Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ:

Բուքիքիոն հայտարարում է, որ մտահոգված է մի կողմից ժողովրդի ներկայացուցչականություն ունեցող խորհրդարանի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև բաց կոնֆլիկտով: Բուքիքիոն, մի կողմից, կարծես թե ակնարկում է առկա կոնֆլիկտում խորհրդարանի լեգիտիմությունը, ժողովրդականությունը, ըստ այդմ՝ խորհրդարանի կամ իշխանության դիրքորոշման առումով պահանջի լեգիտիմությունը, մյուս կողմից, սակայն, արձանագրում, որ ժողովրդավարական երկրներում պետական բոլոր հաստատությունների ղեկավարները պետք է ընդունեն մյուս հաստատությունների իրավասությունները և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը, թերևս, ձևաչափին բնորոշ դիվանագիտականությամբ փորձում է մի կողմից նշմարել խորհրդարանի համեմատ ՍԴ լեգիտիմության խնդիրը, մյուս կողմից, սակայն, հորդորում է այդ խնդիրը դիմակայության չվերածելու անհրաժեշտությունը, ըստ երևույթին ակնարկելով, որ բաց կոնֆլիկտը գործնականում հավասարեցնում է կողմերին: Իսկ խնդիրը թերևս այն է, տողատակը կամ ակնարկը, որ լեգիտիմ խորհրդարանը՝ երկրի թիվ մեկ ներկայացուցչական կառույցն ու այդ իմաստով թիվ մեկ ժողովրդական մանդատը, մեծ հաշվով, ինքնին բավականին բարձր քաշային կատեգորիա է ՍԴ հետ բաց կոնֆլիկտի չմտնելու համար: Բուքիքիոն ըստ երևույթին ակնարկում է այն, որ ժողովրդավարական հասարակարգի կառուցման ճանապարհին խորհրդարանն ունի իրավասությունների և անելիքների շատ ավելի լայն շրջանակ, քան ՍԴ կամ դրա նախագահի հետ այդ կոնֆլիկտի շուրջ նեղացված քաղաքական օրակարգն է:

Բուքիքիոն կոչ է անում խնդիրը լուծել գործակցված, իր բառերով ասած՝ անհանգստացնող վիճակը հանդարտեցնելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը վերահաստատելու համար: Պետք է արձանագրել, որ հայտարարությունն իրապես բավականին բազմիմաստ է, սակայն նաև բավականին նկատելի, որ ներկայիս իրադրությունն արժանանում է Վենետիկի հանձնաժողովի դժկամությանը: Ինչ քաղաքական արժեք կամ նշանակություն ունի այդ հանգամանքը Հայաստանի քաղաքական իշխանության համար, ըստ երևույթին կերևա քաղաքական արձագանքներից, որ կանեն իշխանության առաջին դեմքերը: Ակնառու է, որ Եվրոպայի խորհրդի հետ, այսպես ասած, բաց կոնֆլիկտը Հայաստանի նոր ղեկավարությանն առավել ևս պետք չէ: Իսկ Վենետիկի հետ հակասությունը ըստ էության նշանակելու է հենց բաց կոնֆլիկտ Եվրոպայի խորհրդի հետ:

Այստեղ, իհարկե, ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե Հայաստանի իշխանության համար ինչ նշանակություն ունի ՍԴ կամ ՍԴ նախագահի հարցը: Ճակատագրակա՞ն է այն, արժե՞ այնքան, որ իրավիճակը ենթարկեցվի ԵԽ հետ հակասության ռիսկի: Բուքիքիոյի հայտարարության մեջ նշմարվում է հենց այն, որ պետական հաստատությունների հարաբերակցության ներկայիս պայմաններում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ունի բավականին բարձր քաշային կարգ ՍԴ հետ կոնֆլիկտի անհրաժեշտություն չունենալու համար: Այստեղ, սակայն, առանցքային հարցը այն է, թե ինչ անել: Ի՞նչ է առաջարկում Բուքիքիոն՝ գործակցված հանգուցալուծում ասելով: Իշխանությունն, ըստ նրա, պետք է հրաժարվի՞ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթացից:

Բայց չէ՞ որ իրավիճակը հասունացել է արդեն այնքան, կոնֆլիկտը բացվել է այնքան, որ փակելը դարձել է չափազանց դժվար: Ունի՞ Բուքիքիոն հանգուցալուծման որևէ կոնկրետ առաջարկ, պատկերացում, կոնկրետ քայլ: Եվ արդյոք Հայաստանի իշխանությունը կհամարի՞, որ ունի Վենետիկի այդ օժանդակության կարիքը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...