Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ռուսական «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հիասթափված է Հայաստանի արտգործնախարարի հետ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումից, և նշել է, որ պետք է անցնել առարկայական բանակցության:

Այն, որ բանակցություն չկա, օրեր առաջ հայտարարել էր նաև ՌԴ արտգործնախարար Լավրովը, երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը «Վալդայ» ակումբի շրջանակում պետք է հանդիպեր Պուտինի հետ: Այն, որ Մամեդյարովը դրանից օրեր անց դժգոհում է և հիասթափություն հայտնում, նշանակում է, որ Պուտինի հետ հանդիպմանն էլ Ալիևը հույս չի ստացել, որ հնարավոր է Արցախյան հարցում «առարկայական բանակցություն»:

Ինչ է պատկերացնում Ադրբեջանն առարկայական բանակցություն ասելով, հասկանալի է՝ տարածքների վերադարձ՝ առանց Արցախի անկախության ճանաչման: Այլ կերպ ասած՝ առարկայական բանակցությունը, ըստ Ադրբեջանի, Կազանի գործընթացն է՝ դատելով համենայնդեպս դրա մասին այն խոստովանությունից, որ ապրիլյան պատերազմից հետո արեց Սերժ Սարգսյանը:

Այս դեպքում, սակայն, հարց է ծագում՝ ինչո՞ւ Ադրբեջանը չստորագրեց Կազանի պլանը, եթե դարձյալ առաջնորդվենք Սերժ Սարգսյանի ներկայացրած տարբերակով, որն, ի դեպ, Բաքուն չի հերքել: Իսկ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ թուղթը պատրաստ էր, գնում էին Կազան ստորագրելու, նույնիսկ ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներն են զանգահարել՝ Օբաման և Սարկոզին, սակայն ինքը ասել է, թե հույս չունի, որ Ալիևը կստորագրի: Մեդվեդևը իհարկե արդեն իսկ լինելու էր Կազանում: Ուրեմն ինչո՞ւ Բաքուն չի ստորագրել իր համար ակնհայտ շահեկան այդ փաստաթուղթը, և ըստ այդմ՝ դրանից ավելի ի՞նչ առարկայական բանակցություն է ակնկալում Բաքուն, եթե փաստորեն ունեցել է այդպիսին և ստացել արդյունք:

Առերևույթ ընդհանրական, տեսական այդ խնդիրը հայկական հանրության համար պետք է լինի խորքային դիտարկման առարկա: Բանն այն է, որ Արցախյան հարցում մենք ունենք մեր որոշակի մոտեցումներն ու պատկերացումները՝ երբեմն դետալային, երբեմն հիմնարար տարբերություններով, սպասումներով, սակայն մենք գործնականում չունենք մեր հակառակորդի, մրցակցի պատկերացումների, այսպես ասած, ախտորոշումը:

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Մենք հանրություն ենք, որ թերևս չունենք այդ հարցի խորքային և շերտային պատասխանը: Զգայական մակարդակում կամ մակերեսի վրա մենք անշուշտ պատկերացնում ենք, որ Ադրբեջանն ուզում է հետ ստանալ տարածքները: Եվ վե՞րջ: Կազանյան պլանը ցույց է տվել, որ դա վերջը չէ, այլապես Բաքուն կստորագրեր և կստորագրեր նույնիսկ ավելի վաղ՝ համենայնդեպս փաստաթղթով ունեցել է այդպիսի հնարավորություն: Ուրեմն իրականում Բաքուն դնում է բոլորովին այլ խնդիրներ, և այստեղ է հարցը՝ մենք ունե՞նք գնահատական, թե ինչ ռազմավարական խնդիրներ է դնում Բաքուն, ըստ որի՝ մենք պետք է կառուցենք մեր վարքագիծը թե՛ որպես բանակցող պետական կողմ, թե՛ ընդհանրապես որպես Արցախյան հարց ունեցող հանրություն, ժողովուրդ: Որն է մե՞ր առարկայական բանակցության պատկերացումն ու սահմանը:

Ակնառու է, որ այն, ինչ տեղավորված է, այսպես ասած, Մադրիդյան սկզբունքներ ասվածի մեջ, դա բացարձակապես մերը չէ: Բայց ասել, թե ինչը մերը չէ, դա գործի կամ խնդրի կեսն է միայն, որովհետև պետք է բավական հստակ սահմանել, թե որն է մերը: Այդպիսի մի փորձ էր օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում վարչապետ Փաշինյանի պատմական ելույթը, բայց այժմ այն թաղվել է առօրյայի մեջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...