Խորհրդարանը 98 կողմ ձայնով հավանության արժանացրեց Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնանկ անելու դիմումը, որ ներկայացվելու է Սահմանադրական դատարան, և որի վերաբերյալ որոշում պետք է կայացնի դրա ինն անդամներից ութը:

Հրայր Թովմասյանը չունի իր վերաբերյալ որոշմանը մասնակցելու իրավունք: Ներկայումս առանցքային հարցը մնում է այն, թե ինչ կորոշի ՍԴ-ն:

Նախօրեին խորհրդարանում հարցի կամ դիմումի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ դիմում էին Սահմանադրական դատարանի դատավորներին՝ նրանց հորդորելով քվեարկել հանուն անկախ դատական համակարգի, այդ պատասխանատվությամբ և առաքելությամբ: Ի՞նչ կորոշեն դատավորները, և ի՞նչ կլինի, եթե հանկարծ նրանք ունենան պատասխանատվության և առաքելության մասին այլ պատկերացումներ, քան «Իմ քայլը» խմբակցությունը: Ի՞նչ կկատարվի, եթե ՍԴ-ն պահի Հրայր Թովմասյանին: Ողբերգական՝ իհարկե, ոչինչ, և այդ հարցը Հայաստանի լինել-չլինելու հարց չէ:

Պարզապես ակնառու է, որ Հայաստանում մի ներքաղաքական իրավիճակ է լինելու, եթե հաջողվում է հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնանկության, և բոլորովին այլ, հիմնավորապես այլ վիճակ, երբ չի հաջողվում այդ հարցը լուծելու քաղաքական իշխանության հերթական փորձը:

Այստեղ, իհարկե, հարցը հնարավոր է դիտարկել մի քանի հարթության վրա: Նախ՝ օրինակ, հանրային ընկալումը լինելու է այնպիսին, որ իշխանությունը չկարողացավ Հրայր Թովմասյանի հարցը լուծել, եղավ անզոր, ուժ չունեցավ: Այդպիսով, որոշակի, այսպես ասած, հոգեբանական առավելություն են ստանալու այն ուժերը, որոնք դիրքավորվել էին Հրայր Թովմասյանին պահելու ուղղությամբ:

Մյուս կողմից՝ այդ հանգամանքը իշխանությանը կարող է առիթ տալ գնալու հռետորաբանության կտրուկ սրացման և հայտարարության, որ «հակահեղափոխությունը», այսպես ասած, «ոգևորվել» է և պետք է տալ հուժկու պատասխան: Բայց արդյոք այդօրինակ մարտավարությունը աստիճանաբար չի՞ սպառում իրեն, և չկա՞ ռիսկ, որ կստացվի հովվի հայտնի պատմությունը, երբ նա մի քանի անգամ կեղծ ահազանգում էր գայլերի հարձակման մասին, մինչև իրական հարձակման դեպքում նրան արդեն որևէ մեկը չհավատաց:

«Հակահեղափոխության» դեմ մոբիլիզացիայի գործիքը չափազանց նուրբ է, և քաղաքական իշխանությունը պետք է շատ աչալուրջ և խնայողաբար վերաբերվի դրա օգտագործմանը: Մյուս կողմից՝ ակնառու է, որ իշխանությունը ունի զուգահեռ այլ գործիքներ: Հատկանշական է, որ հակակոռուպցիոն պայքարի ռազմավարության ընդունումը, հենց ներկայիս գործընթացին զուգահեռ, ամենևին պատահական չէր, և դրանով իհարկե իշխանությունը հիշեցնում է կամ ստեղծում մթնոլորտ՝ ցրելու համար տպավորությունը, որ ՍԴ նախագահի պաշտոնանկության չհասնելը իշխանության թուլության նշան էր:

Ընդհանրապես այդ առումով ակնառու է, որ վաղուց հասունացել է թե՛ հեղափոխության, թե՛ դրա արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանության, թե՛ հանրության, այսպես ասած, ուժի չափանիշներն ու չափորոշիչները փոխելու անհրաժեշտությունը, որպեսզի, այսպես ասած, չափման միավորը կամ ելակետը չլինի նախկին իշխանությունը և դրա հանդեպ որևէ ներքաղաքական կամ, այսպես ասած, բարոյահոգեբանական հարաբերակցություն: Դա նշանակում է այդ իշխանությանը մերժած և առաջ անցած հանրությամբ քայլել հետ և վերադառնալ այդ համակարգի ելման դիրք, ինչը լուծում է հենց այդ համակարգի «կենսական» նվազագույն պահանջները, բայց ոչ՝ հեղափոխություն ապրած Հայաստանի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...