ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 15-ին Երեւանում հանդիպումներ են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումների ընթացքում խոսվել է լարվածության նվազմանն ուղղված քայլերի անհրաժեշտության մասին:

Այդ իմաստով, արտգործնախարար Մնացականյանի եւ համանախագահների հանդիպման մասին հաղորդագրությունը պարունակում է ուշագրավ ձեւակերպում՝ «նախարար Մնացականյանն ընդգծեց խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը»:

Ի՞նչ անհամաչափության մասին է խոսել կամ ակնարկել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Արդյոք արտգործնախարարի խոսքում կա ակնարկ այն մասին, որ համանախագահներն ակնկալում են խաղաղության գործընթացի այսպես ասած առաջնային քայլեր Երեւանից, ինչին ի պատասխան էլ Հայաստանի արտգործնախարարը խոսում է համաչափության մասին:

Այդտեղ հնարավոր է նկատել այն համատեքստը, որի մասին խոսել է նաեւ վարչապետ Փաշինյանը, որ, օրինակ Հայաստանի ղեկավարը հայտարարում է լուծման երեք կողմում էլ ընդունելի լինելու անհրաժեշտության մասին, իսկ Ադրբեջանի նախագահը չի ստանձնում այդ մասին խոսելու պատասխանատվություն:

Մյուս կողմից, չի բացառվում, որ համանախագահները Երեւանում բացել են «Արցախը Հայաստան է, եւ վերջ» հայտարարության թեման եւ, ինչպես Լավրովը, խոսել այն մասին, որ դա չի նպաստում խաղաղ գործընթացի առաջմղմանը, ինչին ի պատասխան էլ Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է համաչափության մասին:

Ի վերջո, համաչափությունը այդ առումով խախտված է շատ վաղուց եւ խախտողը եղել է Ադրբեջանն իր ագրեսիվ եւ ռազմատենչ հռետորաբանությամբ, ու խոշոր հաշվով նաե ռազմական գործողություններով, ընդհուպ ապրիլյան քառօրյա պատերազմ: Դրանից հետո Ադրբեջանը զգալիորեն զսպվել է, սակայն ընդհանուր քաղաքականության տրամաբանությունը փոխված չէ:

Այդ պայմաններում առնվազն տարակուսելի է հայկական կողմի հետ խոսել խաղաղ գործընթացի հանձնառությունից, քանի դեռ ապահովված չէ Ադրբեջանի համաչափությունը:

Այսպես թե այնպես, Հայաստանի արտգործնախարարի եւ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին հաղորդագրության մեջ հիշատակված համաչափության խնդիրը ունի պարզաբանման անհրաժեշտություն, թե ինչու՞ է արտգործնախարարը համանախագահների հետ հանդիպմանն անհրաժեշտ համարել խոսել եւ հիշեցնել այդ մասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...