Եվրոպական, այսպես ասած, բյուջետային խոշոր ավիաընկերություններից մեկը՝ իռլանդական լոուքոսթեր «Ռանեյր» ընկերությունը հայտարարել է հայկական ավիաշուկա մտնելու մասին:

Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ հունվարից սկսում է Երևանից չվերթներ Հռոմ, Բեռլին, Միլան ուղղություններով, իսկ ամռանը կլինի թռիչք Գյումրու օդանավակայանից: Հայաստան եվրոպական լոուքոսթերի մուտքը դառնում է իրականություն, ինչի շուրջ բանակցության մասին հայտնի էր դարձել մի քանի ամիս առաջ: Առաջին հայացքից զուտ տնտեսական կամ, այսպես ասած, ավիա-տրանսպորտային նշանակություն ունեցող այդ տեղեկությունը իրականում ունի ոչ միայն հասարակական-քաղաքական, այլ նաև աշխարհաքաղաքական և անգամ քաղաքակրթական շոշափելի նշանակություն:

Հայաստանցիները տարիներ շարունակ նախանձով էին հետևում, թե ինչպես են եվրոպական բյուջետային ընկերությունները բավականին մատչելի գներով չվերթներ իրականացնում Վրաստանից: Այժմ այդ հնարավորությունը ձևավորվում է Հայաստանում: Եվրոպական ընկերությունը խոստանում է տոմսեր՝ սկսած 30 եվրոյից: Իհարկե, միջինացված տարբերակում գները հիմնականում գուցե լինեն ավելի բարձր, սակայն անգամ այդ պայմաններում դրանք ուղղակի համեմատության որևէ եզր չեն ունենա Հայաստան-Եվրոպա ներկայիս ավիատոմսերի գների հետ: Այլ կերպ ասած, եվրոպական քաղաքները, ուղղությունները հասանելի են դառնում հայաստանյան հանրության համար: Իսկ դա, ինչպես մենք առիթ ենք ունեցել ասել այդ թեմայով մեր բազմաթիվ հրապարակումներում, ունի ահռելի նշանակություն ոչ միայն զբոսաշրջային, տնտեսական իմաստով, այլ նաև քաղաքական: Հայաստան-Եվրոպա հաղորդակցության մատչելիությունն ու հասանելիությունը մի կողմից Հայաստանն է բացելու եվրոպացիների առաջ, մյուս կողմից՝ Եվրոպան Հայաստանի հանրության համար դարձնելով առավել մատչելի՝ բացելու է նրանց մտածողության ու աշխարհաճանաչողության սահմանները, այդպիսով նպաստելով Հայաստանում հանրային մտածողության արդիականացման, դեռևս ԽՍՀՄ տարիներից եկող կարծրատիպերի հաղթահարման, նաև մինչ այժմ գոյություն ունեցող հակաարդիական հակաքարոզչության չեզոքացմանը, և հանրագումարում՝ նպաստել Հայաստանի պետական արդիականացմանը: Իսկ այդ խնդիրն ինքնին Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն նաև անվտանգային տեսանկյունից, որովհետև մենք ունենք մեր տնտեսական, քաղաքական հնարավորությունների, հանրային մտածողության դիվերսիֆիկացման, բազմազանեցման խնդիր, այդպիսով ձևավորելով Հայաստանի՝ ներառյալ Արցախը, համալիր անվտանգության բազմաշերտ համակարգ:

Որքան բազմաշերտ է անվտանգության այդ համակարգը՝ ոչ միայն դրա ռազմական բաղադրիչի, այլ նաև տնտեսա-քաղաքական և հանրային շերտերի առումով, այնքան այն հուսալի է և դժվար հաղթահարելի, միաժամանակ նաև նույնքան ճկուն և ինքնիշխան: Այդ տեսանկյունից է, որ սովորական ավիացիոն նորություն լինելուց զատ, տեղեկությունը Հայաստանի համար ունի նաև այդպիսի ռազմավարական, խորքային նշանակություն: Միևնույն ժամանակ, այն, իհարկե, ոգևորությունից զատ պահանջում է աշխատանք՝ ձեռք բերածը պահելու, այդ իմաստով Հայաստանի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի նոր հնարավորությունը լինի ամուր և վերածվի այլ ուղղությամբ աշխատանքի հարթակի:

Իսկ այդ տեսանկյունից, բնականաբար, օրակարգային խնդիրը Եվրոպայի հետ վիզաների ազատականացման հարցն է, Հայաստանի հանրության համար այդ արգելքի չեղարկման հարցը, որպեսզի Հայաստանի քաղաքացիները ոչ միայն կարողանան առանց վիզայի ռեժիմի ճանապարհորդել հետխորհրդային, այլ նաև եվրոպական տարածությունում: Այստեղ, իհարկե, հարցը մտնում է արդեն ընդգծված քաղաքական օրակարգ, Հայաստան-ԵՄ քաղաքական հարաբերության տիրույթ, որտեղ վիզային ռեժիմի դյուրացման կամ ազատականացման աշխատանքն առկա է, սակայն բավականին նախնական փուլում և անգամ, թերևս, մոտ չէ «թռիչքուղուն»:

Սակայն այստեղ, իհարկե, գործընթացները՝ տնտեսական և քաղաքական, հատվում են մի կարևորագույն կետում. ինչ հանրային մշակույթով է հայաստանյան հանրությունը ներկայանալու առավել մատչելի Եվրոպայում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...