ՀՀ ԱԺ-ում երեկ տեղի ունեցան «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լսումներ:

Խոսքը Երեւանի կենտրոնի կառուցապատման ծրագրերի մասին է, որոնց արդյունքում տասնյակ ընտանիքներ զրկվել են իրենց սեփականությունից, ստանալով չնչին փոխհատուցումներ: Այդ ընտանիքներից շատերը մինչ այժմ ապրում են վարձով: Բազմաթիվ գործեր են գնացել ՄԻԵԴ, եւ Հայաստանը միլիոնավոր դոլարներ է վճարում ՄԻԵԴ վճիռներով:

Խորհրդարանական լսումների ժամանակ կարծիքներ հնչեցին, որ պետք է վերականգնել նախկին սեփականատերերի իրավունքները: Ընդ որում՝ այն պաշտոնյաների հաշվին, որոնց անօրինական գործողությունների հետեւանքով ստեղծվել է այս իրավիճակը: Նշվեց, որ պետք է պարզել իրական սեփականատերերին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ լսումների ձայնագրություններն ուղարկվելու են իրավապահներին՝ ուսումնասիրելու համար:

Երեւանի կենտրոնի կառուցապատումը բազմամիլիարդ ծրագիր էր, որը, ինչպես տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, քվոտավորված էր: Այդ քվոտաները բաժանված էին բարձրաստիճան պաշտոնյաների, կոալիցիոն կուսակցությունների միջեւ: Մի կողմից, Երեւանի կենտրոնն իսկապես ուներ կառուցապատման կարիք, մյուս կողմից, այդ գործընթացն իրականացվեց անմարդկային, անօրինական, կոռուպցիոն սխեմաներով, ինչպես նաեւ ճարտարապետական վիճահարույց լուծումներով, որոնց մասին հրապարակումներով հեղեղված էր այն ժամանակվա մամուլը:

Լսումների ժամանակ պատգամվորներն ու ունեզրկված բնակիչները տալիս էին այդ ծրագրի առանցքային «շահառուների» անունները՝ Ռոբերտ Քոչարյան, Երվանդ Զախարյան, Դավիթ Հարությունյան եւ այլն: Ընդհանրապես, քանի որ սա «համակարգային» ծրագիր էր, իշխող համակարգը ներգրավված էր դրա իրականացմանը բոլոր օղակներում՝ սկսած քվոտաների բաշխումից մինչեւ դատարաններ: Երեկվա լսումների ժամանակ սա որակվեց որպես պետության զավթում:

Ի՞նչ հետագա ընթացք ու զարգացում կունենա այս գործը: Հաշվի առնելով դրա համակարգային բնույթը, ծավալներն ու մասնակիցների շրջանակը, ընթացք տալու պարագայում դա ունենալու է պայթյունի էֆեկտ: Նաեւ այն առումով, որ կարող է դառնալ նախադեպ Երեւանի այլ աղմկոտ շինարարական նախագծերի ուսումնասիրման համար:

«Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ տուժած քաղաքացիներն ամենասրտաճմլիկ պատմություններն էին պատմում իրենց՝ տներից վտարման և դրա դիմաց որևէ փոխհատուցում չստանալու մասին, այն «չարչարանաց ճանապարհի» մասին, որով անցել են նրանք տարիներ շարունակ՝ հասնելով մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով տուժած քաղաքացիների խախտված իրավունքներին, նշեց, որ բնակիչներին վտարելու ընթացքում դրսևորվել են տարբեր պաշտոնյաների ինքնիրավչությունը, կոռուպցիոն, բիզնես շահերը, դրսևորվել է դատական իշխանության կախյալ վիճակը, և իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն տուժող քաղաքացիների իրավունքները վերականգնելու համար։ Դրան հասնելու համար էլ ԱԺ նախագահը խոստացավ լսումների ձայնագրությունները տրամադրել իրավապահ մարմիններին։

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ, տուժած քաղաքացի Սեդրակ Բաղդասարյանից, որը երկար տարիներ պայքարում է Երևանի կենտրոնի տուժած բնակիչների իրավունքները վերականգնելու համար, հետաքրքրվեցինք, թե իրավական ինչ լուծում է ակնկալում լսումներից հետո, որպեսզի դրանք չմնան թղթի վրա։

«Առաջինը պետք է քրեական գործ հարուցվի այն հանցավոր խունտայի նկատմամբ, որը գլխավորել է Ռոբերտ Քոչարյանը։ Այդ խունտայում ներգրավված են արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, «Ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի ղեկավար Կարեն Դավթյանը, դատական համակարգը։ Այդ բոլոր անձինք կատարել են հանցագործություններ, որոնց մասին բարձրաձայնվեց խորհրդարանում։ Իրենք գիտակցում էին, որ խախտում են ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածը և ՀՀ Սահմանադրական դատարանի 1998թ․ ՍԴՈ-92 որոշումը։ Երկրորդ հարցն այն է, որ պարտադիր պետք է վերականգնվեն քաղաքացիների իրավունքները։ Օրինակ՝ ես հասել եմ մինչև ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ն արձանագրել է իմ իրավունքի խախտումը։ Եվ քանի որ ՄԻԵԴ փաստացի վճռի հիման վրա բեկանվեցին իմ նախկին վճիռները, իմ գործն ուղարկվեց նոր քննության, 2018թ․ դատավորի վճռով մերժվեց ԾԻԳ-ի հայցը, ստացվել է այնպիսի մի վիճակ, որ ես զրկվել եմ սեփականությունից, չնայած թե՛ նախկինում, թե՛ հիմա գոյություն չունի որևիցե դատական փաստաթուղթ, ակտ։ Իմ սեփական տունը քանդվել է 2007թ․ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ինչ-որ տեղեկանքի հիման վրա։ Հիմա ես պահանջում եմ իրավական դաշտում իմ սեփական գույքը վերադարձնել ինձ։ Եվ ես կարծում եմ, որ նոր իշխանությունների պարտականություններից մեկն է քաղաքացուց խլված յուրաքանչյուր կոպեկը վերադարձնել, վերականգնել քաղաքացիների ոտնահարված իրավունքները»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը։ Նա միաժամանակ նշեց, որ կա մոտ 15 քաղաքացի, որոնց հետ չկա կնքված պայմանագիր, չկա նաև դատական ակտ։ Ըստ այդմ՝ նրանց գործերը պետք է շտապ կարգով վերանայվեն, արդարությունը վերականգնեն, իսկ հետո ԱԺ-ում պետք է ստեղծվի հանձնաժողով, որը մանրակրկիտ կուսումնասիրի այդ բոլոր խնդիրները և ցույց կտա դրանց իրավական լուծման ճանապարհը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որը զբաղվել է Երևանի կենտրոնից վտարված բնակիչների գործերով, կարծում է, որ խորհրդարանական լսումներից հետո պետք է գնահատական տրվի քաղաքացիների գույքը հարկադրաբար վերցնելու գործընթացին։

«Պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Տեղի են ունեցել մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ։ Ըստ էության՝ դա եղել է պետության կողմից կազմակերպված հանցագործություն սեփական քաղաքացիների դեմ, այսինքն՝ զանգվածաբար ունեզրկել են քաղաքացիներին պետության գերակա շահի պատրվակով»,- ասաց Մուշեղ Շուշանյանը։ Ըստ փաստաբանի՝ նախ պետք է գնահատական տրվի տեղի ունեցածին, պետք է օրենսդրական նախաձեռնությունների միջոցով քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու համար իրավական մեխանիզմներ ներդրվեն։ Փաստաբանը կարծում է, որ դա պետք է վերաբերի բոլորին, ոչ թե միայն նրանց, որոնք ներպետական ատյանները սպառելուց հետո դիմել են ՄԻԵԴ։

«Մենք գիտենք, որ շատ քիչ են ՄԻԵԴ դիմած քաղաքացիները, բայց պաշտպանություն և խախտված իրավունքները վերականգնելու հնարավորություն պետք է տրամադրվի այն քաղաքացիներին, ովքեր ՄԻԵԴ չեն հասել։ Պետք է նաև իրավապահ մարմինները քննություն անցկացնեն և քննարկեն այդ պրոցեսում ներգրավված պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Կարծում եմ՝ միայն այդ ճանապարհով գնալու դեպքում կարող ենք խոսել հնարավոր իրավական հետևանքների մասին։ Պետք է տրվի իրավա-քաղաքական գնահատական, այդ գնահատականը պետք է տրվի ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմին ընդհանուր գնահատականի համատեքստում, քանի որ այդ ապօրինությունները գործել են այդ ռեժիմի շահերը սպասարկելու նպատակով։ Իսկ մարդու իրավունքների զանգվածային խախտումները կարող են քննվել անցումային արդարադատության տրամաբանությամբ և անցումային արդարադատության գործիքակազմով»,- արձագանքեց Մուշեղ Շուշանյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...