Երեւանում անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովն իր վրա էր հրավիրել ամբողջ աշխարհի ուշադրությունը ոչ միայն այն պատճառով, որ այդ կառույցն աշխարհաքաղաքական բեւեռներից մեկն է, այլ նաեւ, որ գագաթնաժողովին մասնակցում էին նաեւ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը:

Ընդ որում, բարձրաստիճան հյուրերը հատուկ ընդգծում էին Հայաստանի ջանքերը ԵԱՏՄ գործընկերների շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ:

Իսկ այդ ընթացքում Երեւանի տարբեր հատվածներում մի քանի զուգահեռ ակցիաներ էին ընթանում: Մի խումբ ակտիվիստներ բողոքում էին ԵԱՏՄ գագաթնաժողովը Երեւանում անցկացնելու (այլ կերպ ասած՝ այդ կառույցին Հայաստանի անդամակցության) դեմ, մի ուրիշ տեղ մեկ այլ խումբ բողոքում էր Հայաստանում արեւմտյան ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների («սորոսականներ»-ի) դեմ, եւ այն էլ այնպես, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն անպայման նկատեն իրենց (ու երեւի նաեւ աջակցեն «արեւմտյան գործակալական ցանցերի դեմ պայքարում»), կոմունիստներն իրենց հերթին էին աշխուժացել ու ողջունում էին Ռուսաստանի նախագահի այցի հերթական «օրհնված սհաթը»… Մի խոսքով՝ տգեղ տեսարաններ էին:

Այո՛, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, եւ այդ կառույցում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Այդ կառույցի անդամ երկրներն Ադրբեջանի հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունեն եւ սպառազինություններ են մատակարարում. խոսակցություններ կան, որ հունվարի 1-ից Ռուսաստանը կարող է հերթական անգամ թանկացնել Հայաստանին վաճառվող գազը, եւ այլն: Բայց նաեւ այնպես չէ, որ դրանք նոր խնդիրներ են եւ ի հայտ են եկել միայն թավշյա հեղափոխությունից հետո: Այդ խնդիրները նաեւ նախկինում կային, իսկ նոր իշխանությունները նույնիսկ ավելի եռանդուն քայլեր են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ: Բայց սա դեռ մի կողմ թողնենք եւ անդրադառնանք այլ հարցի:

Նորմալ է, որ Հայաստանում կան եւ՛ մեր երկիրը ռուսական ազդեցության տիրույթից դուրս բերելու կողմնակիցներ, եւ՛ Ռուսաստանի անունով երդվողներ ու «արեւմտյան գործակալական ցանցերի դեմ պայքարողներ»: Բայց նորմալ չէ, որ մարդկանց մի մասը փորձում է Հայաստանում ռուսական ազդեցության դեմ պայքարել Արեւմուտքի օգնությամբ, մյուս մասը ԵԱՏՄ-ին (այսինքն՝ ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Ղազախստանին, Բելառուսին եւ մյուսներին) է հրավիրում Հայաստան՝ «արեւմտյան ազդեցության» դեմ պայքարելու համար: Վերջին հաշվով ի՞նչ է մեզ տալիս այդ ակցիաներն ամբողջ աշխարհին ի ցույց դնելը, ինչո՞ւ ենք մենք մեր խնդիրներն անպայման ուզում լուծել՝ «դրսից տղա կանչելով»: Նման ակցիաները միայն մի բան են ցույց տալիս՝ մեր հասարակությունը պառակտված է: Իսկ դրանից միանշանակ կշտապեն օգտվել եւ՛ ԵԱՏՄ անդամ երկրները, եւ՛ Արեւմուտքը: Ամեն մեկն՝ ըստ սեփական շահերի: Օրինակ՝ ի՞նչ իմաստ ունի հենց գագաթնաժողովի օրը ԵԱՏՄ դեմ ցույց անելը, եթե Հայաստանն այդ կառույցի անդամ է, օրակարգում այդ կառույցից դուրս գալու հարց չկա, եւ մեր նպատակը կառույցի ներսում սեփական շահերն առավելագույնս պաշտպանելն է: Կամ ի՞նչ իմաստ ունի պայմանական «սորոսականներին» որպես արեւմտյան գործակալներ ներկայացնելն ու նրանց դեմ պայքարում ՌԴ-ից օգնություն խնդրելը, եթե Հայաստանի տարածքում ռուսական գործակալական ցանցը մեծ հավանականությամբ արեւմտյանից պակաս էֆեկտիվությամբ չի գործում:

Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ ոչ թե՝ աշխարհաքաղաքական բեւեռների ազդեցության գործակալների ճակատամարտի թատերաբեմ: Իսկ ինքնիշխանության մակարդակը կախված է նաեւ նրանից, թե որքանով է հասարակությունը միասնական առնվազն արտաքին միջամտությունները բացառելու եւ սեփական որոշումներն ինքնուրույն կայացնելու հարցում:

Ի տես աշխարհի պետք է ոչ թե կռվել՝ արտաքին (այդ թվում՝ նաեւ ֆինանսական) աջակցություն ակնկալելով, այլ հակառակը՝ ցույց տալ մեր միասնությունը: Իսկ ներսի հարցերը կարող ենք լուծել նաեւ հետո՝ արտաքին աշխարհի աչքից հեռու: Գիտակից հասարակություններ ունեցող լուրջ պետություններն այդպես են վարվում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...