Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցը բնականորեն աշխուժացրեց հանրության ուշադրությունը խնդրի հանդեպ:

20-ամյա տարելիցի առիթով ամենատարբեր արձագանքները հնարավորություն էին ի մի բերել, թե ինչ ունենք մենք սարսափելի ոճրագործությունից 20 տարի անց, ինչ կետում է խնդիրը: Խնդիր, քանի որ հանրության առնվազն մի մեծ շերտ ունի համոզում, որ ոճրագործությունը ամբողջությամբ բացահայտված չէ և հինգ իրականացնողներից բացի, կան նաև կազմակերպիչներ: Մեղմ ասած՝ շատ են հանգամանքները, որոնք միանգամայն հիմնավոր են դարձնում այդ կասկածները: Մյուս կողմից, այդ կասկածները Հայաստանի հանրային շրջանակներում արդեն քսան տարի քննարկվում են առավելապես ներքաղաքական հարաբերությունների պրիզմայով: Ասել կուզի, 27-ն ու դրան առնչվող հանգամանքները կամ զգայական, կամ ներքաղաքական տիրույթում քննարկվող թեմաներ են, որոնք իրենց վրա կրում են համապատասխան ազդեցություն, և, ըստ այդմ, խնդրի քննարկման որևէ փորձ, եթե անգամ աներկբայորեն չի հատում մանիպուլյացիայի սահմանը՝ կամա, թե ակամա, ապա առնվազն այնքան է մոտենում դրան, որ հանրության հայացքը ավելի շատ անցնում է սահմանից այն կողմ, քան մնում իրապես կարևոր ու խորքային քննարկումների, դիտարկումների տիրույթում:

Պետք է թերևս արձանագրել մի կարևոր հանգամանք: Հայաստանի հանրությունը սարսափելի ոճրագործության վերաբերյալ իր դիտարկումներում չափման հիմնական միավոր է ընտրել անունները: Ընդ որում՝ կապ չունի, թե ինչ անուններ, ում անունը: Մինչդեռ պետք է ընդունել թերևս, որ սարսափելի, նույնիսկ համաշխարհային պատմության մասշտաբով ժամանակակից շրջափուլի համար իր դաժանությամբ, ցինիզմով ու մասշտաբով բացառիկներից մեկը դիտվող այդ ոճրագործության վերաբերյալ մենք ոչ միայն գիտենք չափազանց քիչ բան, այլ, թերևս, չենք էլ փորձել թեկուզ բարձրաձայնվող հարցերի միջոցով հասկանալ. ի վերջո, ինչի հետ է գործ ունեցել երիտասարդ, պատերազմը նոր հաղթած, միաժամանակ արդեն իսկ ընտրակեղծարարության և իշխանության վերարտադրության արատավոր նախադեպ ձևավորած, իր վրա մի կողմից հետպատերազմական սինդրոմի արատավոր և ցավալիորեն օբյեկտիվ ազդեցության ճնշումը կրող, մյուս կողմից հենց պատերազմի հաղթանակի երկարաժամկետ պահպանման համար կարևորագույն նշանակություն ունեցող ժողովրդավարության և օրինականության կենսական պահանջն ունեցող Հայաստանը: Խնդիրը, հարցը, թե ինչպես է հնարավոր եղել, ինչո՞ւ է հնարավոր եղել Հոկտեմբերի 27-ը, միայն անվտանգության մեխանիզմի աշխատանքի տիրույթում չէ:

Ի վերջո, եկեք արձանագրենք, որ այդօրինակ ահաբեկություններ տեղի են ունեցել երկրներում, որոնք ոչ միայն ունեցել են պետականության ահռելի փորձ, կենսագրություն, ըստ այդմ՝ անվտանգային մեխանիզմներ, այլ նույնիսկ համարվել են աշխարհում առաջատարներ: Հետևաբար, անվտանգության մեխանիզմների հարցը, անշուշտ, գերկարևոր հարց լինելով, այդուհանդերձ չի կարող լինել միակը, կամ չի կարող լինել միակ գերական և միակ առաջնայինը: Եթե մենք խոսում ենք դասեր քաղելու մասին, ապա պետք է թերևս այդ հարցը դիտարկենք հնարավորին լայն, ընդգրկուն շրջանակով և այդպիսով գալ եզրակացության, որ անվտանգության դե յուրե մեխանիզմներից զատ, հանրությունները, պետությունները, նաև քաղաքական թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր էլիտաները պետք է ունենան անվտանգության դե ֆակտո մեխանիզմներ: Խոսքն այս դեպքում մտածողության, հոգեբանության, արժեքների, աշխարհայացքի և աշխարհընկալման տիրույթի մասին է: Ահաբեկության կանխարգելումը պետք է տեղի ունենա պետական դե յուրե մեխանիզմի, և հանրային-քաղաքական-պետական դե ֆակտո միջավայրի մակարդակում:

20 տարի անց դիտարկելով գնահատականներն ու հանրային արձագանքները, պետք է ցավալիորեն արձանագրել, որ մեր հանրությունը դեռևս չի մոտեցել «դաս քաղելու» անհրաժեշտ ելակետերին և չափման անհրաժեշտ միավորներին: Չի մոտեցել, կամ թույլ չեն տվել մոտենալ, որովհետև այդ պարագայում կարող է ձևավորվել ինքնիշխան պետականության համար առանցքայինը՝ հանրային մտածողության այն միջավայրը, որ՝ ով էլ լինի և ինչպիսին էլ լինի հնարավոր որևէ շահառուն, բոլորի համար հստակ և միարժեք է դարձնում, որ այդպիսի հանրության հետ հնարավոր չէ որևէ հարց լուծել ահաբեկության, սպանության, արյունահեղության ճանապարհով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...