Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Վաշինգտոնի վրեժն է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության համար:

Փորձագետները դեռ պետք է պարզեն, թե ինչու է Վաշինգտոնը «վրեժ լուծել» Թուրքիայից, բայց ակնհայտ է, որ Վաշինգտոնն արմատապես փոխում է իր քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում, եւ դա դուր չի գալիս Անկարային:

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քվեարկությունն ուղեկցվել է մեկ այլ ոչ պակաս կարեւոր բանաձեւի ընդունմամբ. Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել թուրք պաշտոնյաների դեմ պատժամիջոցներին, որոնք կապ ունեն Սիրիա ներխուժման հետ: Նրանց թվում է Էրդողանի փեսան: Ի դեպ, Էրդողանը նոյեմբերի սկզբին պատրաստվում էր ԱՄՆ մեկնել՝ հանդիպելու նախագահ Թրամփին: Հանդիպումը կկայանա՞:

Մեկ այլ կարեւոր հանգամանք. Ներկայացուցիչների պալատի օրակարգում հարցն ընդգրկելուն կողմ է քվեարկել 221, դեմ՝ 191 կոնգրեսական: 2 ժամ անց 405 կոնգրեսական կողմ է քվեարկել բանաձեւին: Ի՞նչ է փոխվել երկու ժամվա ընթացքում: Կոնգրեսը Պետդեպարտամենտից կամ Սպիտակ տնից ազդանշաններ ստացե՞լ է:

Ներկայացուցիչների պալատում քվեարկությանը ներկա էր Արցախի պատվիրակությունը ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ: Հազիվ թե դա պատահաբար համընկած լիներ: Արցախը իրավիճակի փոփոխության կենդանի օրինակ է, որը տարածաշրջանում հաստատվել էր Ռուսաստանի եւ Թուրքիայի, ապա Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջեւ պայմանավորվածություններով: Ստատուս-քվոն հաստատվել էր առանց ԱՄՆ-ի՝ շրջանցելով Վիլսոնի իրավարար վճիռն ու Վաշինգտոնի հավանությանն արժանացած Սեւրի պայմանագիրը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վկայո՞ւմ է, որ ԱՄՆ-ն մտադիր է այս անգամ մասնակցել ստատուս-քվոյի ձեւավորմանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...