Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բենզինի շուկայում իրականացվող ուսումնասիրություններին։

Նա անդրադարձավ բենզինի գնի մասին հարցին, թե էժանացումը ՏՄՊՊՀ միջամտության արդյո՞ւնք է։

«Ոչ, սա շուկայական փոփոխությունների արդյունք է։ Մենք ուղղակի դաշտը կարգավորելով ու ճիշտ հաղորդագրություններ ուղարկելով տնտեսվարողներին` պետք է ուղղորդենք իրենց, որպեսզի ճիշտ մրցակցեն»,- ասաց նա։

Ըստ նրա՝ գների վրա մի քանի գործոն է ազդում, այդ թվում՝ միջազգային գները։ «Մեր գնման հիմնական աղբյուրը հանդիսանում է ՌԴ-ն, այնտեղ մենք ունենք մաքսատուրքից ազատված քանակի բենզին, որը ներկրում ենք»,- հավելեց նա։

Հայաստանում շաքարավազի շուկա են մուտք գործում ներմուծող նոր ընկերություններ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ավելացնելով, որ շաքարավազի գնի իջեցումը տեղի չի ունեցել դեմպինգի պատճառով, այն տատանվում է բորսայում առկա գնի շուրջ։

«Ուրախալի լուր ասեմ. հայտնվում են ներմուծող այլ ընկերություններ։ Ներկրումների չափաբաժնի մոտ 20 տոկոսի փոփոխություն է տեղի ունեցել։ Սակայն արտադրություն մեր երկրում չկա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։

Խոսելով բենզինի շուկայի մասին՝ Գևորգյանն ասաց, որ մեր երկիրը բենզինը ձեռք է բերում մեկ աղբյուրից։ «Բայց երբ սկսենք ներկրել տարբեր երկրներից՝ Իրանից, Եվրոպայից, Ռուսաստանից, կունենանք նաև գների տարբերակում։ Հիմա դրա վրա ենք աշխատում»,- ասաց նա:

Խոսելով կոնյակի շուկայի մասին՝ Գեղամ Գևորգյանը հավելեց, որ այստեղ խոսքը կարող է լինել անպարկեշտ մրցակցության դրսևորումների մասին։ Ստուգումներ են իրականացվելու, որպեսզի փաստացի ձեռք բերված խաղողի և մթերման ծավալների թվերը համընկնեն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...