Zinvor

«Բալայանի այդ խոսքերի մեջ մի փոքր հակասություն կա, քանի որ ցանկացած հանդիպումից, ցանկացած բանակցություններից առաջ են նաև սահմանային սրացումներ լինում, ինչը նշանակում է, որ ռազմական այդ սպառնալիքները միայն ներքին լսարանի համար չեն։ Ցանկացած սպառնալիք ունի թե´ ներքին, թե´ արտաքին սպառող։

Ինչ վերաբերում է առհասարակ Ադրբեջանի կողմից հրահրվող այդ սրացումներին, ապա դրանք ավելի հաճախ ուղղված են լինում մեր խաղաղ բնակիչների, բնակավայրերի, գյուղատնտեսական տեխնիկայի վրա։ Սահմանամերձ գյուղերի վրա կրակելու և այդպիսով ճնշում գործադրելու փորձերի միակ պատասխանը, որը կարող ենք մենք տալ, չիջնելով նաև այդ վայրենիության և լկտիության աստիճանին, որով հայտնի է թուրքը, դա մեր սահմանամերձ գյուղերը սահմանապահ գյուղ դարձնելն է, այսինքն՝ դա նշանակում է, որ սահմանամերձ շրջաններում ցանկացած գյուղ պետք է դառնա փոքրիկ ամրոց , որը հնարավորություն կտա և´ թուրքի խուլիգանությունների դեմն առնել, և´ անհրաժեշտության դեպքում մեր զորքը վերադասավորվել, եթե թուրքերը մեծ ուժեր կիրառեն օրինակ այդ հատվածում և ճղեն առաջնագիծը, իսկ որ առաջնագիծը ճղել հնարավոր է՝ դա միանշանակ»,- նշեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը՝ մեկնաբանելով ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ Գաբրիել Բալայանը օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում խոսելով սահմանային իրավիճակի մասին նշել էր, որ վերջին սրացումները կապված են երկկողմանի իրականացվող լայնամասշտաբ ինժեներական աշխատանքների հետ, սակայն հիմա փոխնախարարի հավաստմամբ՝ իրավիճակը համեմատաբար ավելի հանգիստ է ու մտահոգվելու խնդիր չկա։ Անդրադառնալով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից վերջին շրջանում կրկին ակտիվացած ռազմական սպառնալիքներին ու պատերազմական գործողություններ վերսկսելու հոխոռտանքներին, Գաբրիել Բալայանը նշել էր, որ դրանք պարբերաբար արվել են և արվելու են Ադրբեջանի ներքին լսարանի սպառման համար։

Վովա Վարդանովի հետ զրույցում անդրադարձանք նաև Ազգային Ժողովում 2016թ-ի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ու այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Վերջինս մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ հանձնաժողովի հերթական փակ լսումներից մեկի հրավիրյալը եղել է հակառակորդի հարձակման ժամանակ Լելե-Թեփեի բարձունքի պաշտպանության գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈՒ ավագ սերժանտ, որը բավականին ուշագրավ և միևնույն ժամանակ ցավալի տեղեկություններ է հայտնել հանձնաժողովի անդամներին։ Թե ինչպես է ադրբեջանական զինուժին հաջողվել գրավել այդ դիրքը, Քոչարյանը չէր մանրամասնել։ Մեզ հետ զրույցում Վովա Վարդանովն այս կապակցությամբ իրեն հայտնի որոշ տեղեկություններ ներկայացրեց։ Նրա համոզմամբ՝ դա տեղի է ունեցել պրոֆեսիոնալ, սակայն շատ հին բանակի մարտական պատրաստություն անցած զինվորականների պատճառով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...