ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում այցելել է գիշերը վիրավորում ստացած ոստիկանին: Այցելությունն ավարտելուց հետո Սարգսյանը դեպքից որոշ հանգամանքներ ներկայացրեց:

«Ոստիկանության ծառայողը պարտականությունները կատարելիս տեսնում է կասկածելի անձանց, իրենք են հետամուտ լինում նրանց ինքնությունը ստուգելու: Երբ մոտեցել են, վերջիններս դիմել են փախուստի, ոստիկանները հետապնդել են, կարողացել մեկին բռնել: Երկրորդը, որը կարողացել էր դիմել փախուստի, անսպասելի, «Հաղթանակ» զբոսայգու մոտ, մթության մեջ հարձակվել է մեր ոստիկանի վրա, փորձել ազատել իր բռնված ընկերոջը, քաշքշուքի ընթացքում հաջողացրել է ատրճանակը պոկել, որ պարանով ամրակապված է եղել և արձակել կրակոցներ»,- պատմեց նա:

Սարգսյանը նշեց՝ ենթադրում է, որ կենսական նշանակության օրգան է վնասվել, տեղեկացրեց՝ նախնական տվյալներով` մեկ կրակոց է եղել, զենքը դեռ չի հայտնաբերվել, սակայն կարճ ժամանակահատվածում կարողացել են պարզել նշված անձանց ինքնությունը:

«Վերջիններս արդեն մեզ մոտ են, խոստովանում են: Քննության արդյունքներով հարցերի պատասխանները կտրվեն, հանգամանքները կպարզվեն, օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը կապահովվի: Ես կարող եմ ասել, որ օրինապաշտ և իրավահարգ քաղաքացիներ չեն եղել, ոստիկանների հոտառությունը տեղն է եղել, մոտեցել են ճիշտ մարդկանց: Ցավում եմ, որ նման դեպք է տեղի ունեցել»,- ասաց Սարգսյանը:

Ոստիկանապետի պաշտոնակատարն ասաց, որ իրենց աշխատակիցները հասցրել են կապ տալ, ծառայակիցները մոտեցել են, բայց, ցավոք, մյուս գործընկերոջ կյանքը հնարավոր չի եղել փրկել: Նա կոչ արեց քաղաքացիներին գիտակցել՝ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա զենք բարձրացնելուն, նշեց՝ խստագույնս կպատժվեն նրանք, ովքեր կփորձեն նման քայլի գնալ:

Սպանված ոստիկանը՝ 38-ամյա Տիգրան Առաքելյանն, ըստ Սարգսյանի, արդեն իսկ կենսաթոշակի անցնելու տարիքում էր: Նա ամուսնացած է, ունի երեխաներ: Սարգսյանն ասաց՝ պատրաստ են պետության հնարավորությունների չափով օժանդակել նրանց:

Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձնաց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված, 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...