Vano Siradeghyan

Հայաստանում 1998-ի իշխանափոխությունը ֆորմալ առումով տեղի ունեցավ սահմանադրական կարգավորումների համաձայն, սակայն բնույթով այն պալատական հեղաշրջում էր։

Նախ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստը հենց այն մասին էր, որ ինքը հարկադրված է հեռանում՝ տեղի տալով «հայտնի ուժերի» ճնշումներին։ Սա ինքնին ենթադրում էր, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականով արմատապես փոխվելու էր երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը, ինչը շուտով տեղի ունեցավ։ 88-ի շարժման թիմին փոխարինելու եկավ դաշնակցա-պարտկոմական սիմբիոզը, որը շուտով ամբողջովին տիրացավ իշխանությանը՝ ասպարեզից հեռացնելով շարժման վերջին թելին՝ Վազգեն Սարգսյանին։

1998-ի նախագահական ընտրությունները, թերևս, արտառոց էին նրանով, որ գործընթացի լեգիտիմությունը կասկածի տակ դրվեց ոչ թե քվեարկության օրը, այլ ի սկզբանե, երբ առաջադրվելու հայտ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը, որը չուներ դրա սահմանադրական իրավունքը։ Ի սկզբանե պարզ էր, որ Քոչարյանի անձի շուրջ չի ձևավորվում քաղաքական ու հանրային կոնսոլիդացիա, ինչի հետևանքներից մեկը դարձավ Կարեն Դեմիրճյանի վերադարձը քաղաքականություն և առաջադրումը՝ որպես նախագահի թեկնածու։ Ասում են՝ Կարեն Սերոբիչի առաջադրման հարցում իր ավանդն ունեցել է Վազգեն Սարգսյանը, որը մտադրված է եղել հենց խորհրդային Հայաստանի փորձառու ու բազմամյա գործչին տեսնել վարչապետի պաշտոնում։

Ռոբերտ Քոչարյանը պայմանավորվածություններ հարգել չգիտի ու պատահական չէ, որ նախագահ կարգվելուց հետ կազմավորեց մի կառավարություն, որն անընդհատ հակամարտության մեջ էր խորհրդարանում մեծամասնություն կազմող Վազգեն Սարգսյանի հենարան «Երկրապահ» խմբի հետ։

1998-ի իշխանափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը հետևողական քարոզչական կամպանիա էր իրականացնում Վազգեն Սարգսյանի դեմ ու բոլորի համար ակնհայտ էր, որ նախապատրաստվում էր ՊՆ ազդեցիկ նախարարի մեկուսացումն իշխանությունից կամ էլ, այսպես կոչված, ղարաբաղյան կլանը քարոզչական հողի վրա կազմակերպում էր այն դավադրությունը, ինչի մասին Վազգեն Սարգսյանին զգուշացրել էր նրա վաղեմի ընկեր, գրչակից Վանո Սիրադեղյանը՝ 1998-ի նոյեմբերի նամակով։ «․․․Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը… Պարզունակ կլինի, եթե այս ամենը բացատրեմ գործընկերներիդ նենգությամբ։ Նրանք փակուղի են մտել: Ո՛չ դուրս կարող են գնալ, ո՛չ հետ գնալ: Նրանք դատապարտված են Հայաստանում ունենալ բացարձակ իշխանություն, որի համար հարկ կլինի մանրացնել, փոշիացնել, ապա և ամայացնել Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես արեցին Ղարաբաղում: Այս ճանապարհին պիտի դաշնակիցներ փոփոխեն, շարքից հանեն նշանակալի որևէ մեկին… Ղարաբաղը ամայացնելիս դաշնակից (Քոչարյանը-խմբ.) ուներ Հայաստանը, Հայաստանի դեպքում կգտնեն այլ երկիր:

Հայաստանն էլ այլ երկիր է: Անձանց շարքից հանելուն դաշնակից գտան քեզ, քեզ արանքից կհանեն՝ Վազգեն Մանուկյանի միջոցով, Մանուկյանի ժամանակ կմտածեն… Վազգենը ոչ մեկից խելացի չէ։

Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար (քոչարյանենք-խմբ.) վրեժխնդիր են լինելու երևելի անհատներից: Այնպես որ, միայն քեզանով գործը չի ավարտվելու: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին` որ կարող են լինել: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ, նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտես դրանց հայատյաց բնույթը․․․

Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կռվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին` ընդվզման եզրափակիչ քայլ:

Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել»,- Վազգեն Սարգսյանին հասցեագրված նամակում գրել է Վանո Սիրադեղյանը։

Չգիտեմ՝ Վազգենն ինչքանով է լուրջ վերաբերել այս նամակին, սակայն Վանոյի շարադրանքը, մռայլ կանխատեսումներն իրականություն դարձան ու նույնիսկ մինչև Հոկտեմբերի 27-ը։

Սիրադեղյանի նամակից առաջ արդեն սպանվել էին գլխավոր դատախազ Հենրիխ Խաչատրյանն ու տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանը, նրա նամակին հաջորդեցին պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանությունները։ Քոչարյանի ու նրա բանդաների արյունոտ ձեռքերն արդեն հասել էին Վազգեն Սարգսյանի շրջապատին։

1999-ի փետրվարին Վազգեն Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի լարվածությունը հասել էր գագաթնակետին, ու հենց այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը վերջնական քաղաքական որոշում կայացրեց Կարեն Դեմիրճյանի հետ դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...