Serj Sargsyan

Հոկտեմբերի 10-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Սիրիայի հյուսիսում սկսած Թուրքիայի ռազմական գործողությունը, միջազգային հանրությանը կոչ անելով ցույց տալ Թուրքիայի այդ քայլին համարժեք վերաբերմունք:

Ըստ Փաշինյանի, Անկարայի գործողությունը հղի է մարդասիրական աղետի վտանգով, խորացնում է Սիրիայի ճգնաժամը, սպառնում է ազգային եւ կրոնական փոքրամասնություններին: Վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը այդ հարցով կանցկացնի դռնփակ նիստ, որտեղ կքննարկվի ստեղծված իրավիճակում Հայաստանի անելիքը:

Հայաստանը Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության պայմաններում իր անելիքը, քայլերը քննարկելու է խորհրդանշական օր: 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրությունների ստորագրմանը ներկա էին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները, որոնք ստորագրեցին փաստաթղթերը, նաեւ ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի արտգործնախարարներն ու Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության հանձնակատար Սոլանան, որի հայտնի ձեռքերով ժեստը Էդվարդ Նալբանդյանի «այտերի» ուղղությամբ հետագայում դարձավ թե ստորագրման արարողության, թե թերեւս ամբողջ գործընթացի հայկական դերակատարության տխուր խորհրդանիշ:

Իսկ գործընթացը սկսել էր Սերժ Սարգսյանի նախագահի պաշտոնը ստանձնելուց մոտ մեկ ամիս անց, այդ կարգավիճակում Մոսկվա կատարած նրա առաջին պաշտոնական այցի ժամանակ: Հայկական համայնքի հետ հանդիպմանը Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստան՝ Հայաստան-Թուրքիա ընտրական ֆուտբոլային խաղը դիտելու համար:

Սերժ Սարգսյանը նախագահ էր դարձել մարտիմեկյան ողբերգության ահռելի բեռով, որը թոթափելու խնդիրը նրա համար քաղաքական առումով կենսական անհրաժեշտություն էր: Կմտնե՞ր Սերժ Սարգսյանը հայ-թուրքական, իսկ խորքային առումով իրականում ռուս-թուրքական այդ գործընթացի մեջ, եթե չլիներ մարտիմեկյան բեռը:

Սերժ Սարգսյանն անկասկած լավ էր պատկերացնում ֆուտբոլային դիվանագիտության խորքային վտանգը, որը բերելու էր «փափուկ ուժով» եւ բաց սահմանի «կարկանդակով» Հայաստանի ռեգիոնալ սուբյեկտության չեզոքացմանը՝ Արցախում ստատուս-քվոյի փոփոխությամբ:

Սարգսյանը մտավ իհարկե բավական ռիսկային խաղի մեջ, թերեւս ակնկալիքով, որ խաղից դուրս չի մնա Արեւմուտքը, որը դիմադրելու էր ռեգիոնալ ստատուս-քվոյի ռուս-թուրքական վերաձեւման գործին: Արեւմուտքի ներգրավումը թերեւս փոխեց գործընթացի բնույթը, այդպիսով օգնելով Սերժ Սարգսյանին չափազանց ռիսկային գործընթացից դուրս գալ առանց կորստի, միաժամանակ լուծելով իր մասնավոր քաղաքական հարցը՝ մարտիմեկյան բեռի քաղաքական ճնշումից ազատվելու խնդիրը:

Դրանից հետո արցախյան ստատուս-քվոն փոխելու ռուս-թուրքական ջանքը իրականացվեց Հայաստանի դեմ մեկ այլ՝ եվրասիական գործընթացով, ընդ որում հայաստանյան որոշ քաղաքական միավորների աջակցությամբ, որն էլ ապրիլյան քառօրյայում տապալեց արդեն հայկական բանակն ու դրա շուրջ կամավորական ջանքով համախմբված հասարակությունը:

Հայաստանի ներկայիս իշխանությունն ունի անհրաժեշտը՝ հանրային լեգիտիմություն, ներկայիս ռեգիոնալ լայն գործընթացներում պետական հեռանկարները սպասարկելու հարցը ներքին նեղ խնդիրների հետ համադրելու անհրաժեշտությունից զերծ մնալու համար: Միաժամանակ հատկանշական է, որ հենց այս փուլում բավական աշխուժացել է իշխանության դեմ նախկին իշխող համակարգից եկող ներքին մանրախնդրության ալիքը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...