Vardan Oskanyan

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որն իր վրա է սևեռել հանրության ուշադրությունը, ակամա մոռացության է մատնել կամ ստվերում թողել մի շարք այլ կարևոր հանգամանքներ, անձանց, որոնք պաշտոնի բերումով կարևորագույն դերակատարում են ունեցել 2008թ․ մարտի 1-ին և դրան հաջորդող օրերին։

Ի՞նչ կարգավիճակ ունեն, ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանի օրոք 10 տարի արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանին և ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին։ Եթե վերջինս ապրում է Երևանում, դասավանդում հայաստանյան բուհերից մեկում, ապա հայտնի է, որ Վարդան Օսկանյանը 2017 թ․ ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում իր ղեկավարած «Օսկանյան-Րաֆֆի-Հովհաննիսյան» դաշինքի պարտությունից հետո նախընտրեց ընդհանրապես հեռանալ քաղաքականությունից։ Մամուլում գրվեց, որ նա տարվա ընթացքում մեկնում է ԱՄՆ, դասավանդում այնտեղի բուհերում։

Ժամանակին, իհարկե, մամուլում գրվել է, որ թե՛ Վարդան Օսկանյանը, թե՛ Տիգրան Թորոսյանը հարցաքննվել են Մարտի 1-ի գործով։

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Տիգրան Թորոսյանը և Վարդան Օսկանյանը Մարտի 1-ի գործով չունեն մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ։ Այլ մանրամասներ Մարինա Օհանջանյանը հրաժարվեց հայտնել՝ ելնելով նախաքննության շահերից։

ՀՔԾ մամուլի խոսնակը կոնկրետ պատասխան չուներ այն հարցին, թե ինչպես են վարվելու, եթե, դիցուք, Վարդան Օսկանյանը որոշի մնալ ԱՄՆ-ում և այլևս չվերադառնա Հայաստան։

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը 2008թ․ մարտի 1-ին ՀՀ նախագահի նստավայրում հրավիրել էր մամուլի ասուլիս և հայտնել, որ «եթե ցուցարարները շարունակեն իրենց ապօրինի արարքները, նախագահը ստիպված կլինի հատուկ իրավիճակ հայտարարել»։ Նա ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել էր մերժողականության համար՝ ասելով, որ ձեռքը մեկնված է, և դրա մերժումը դատապարտելի է։ Օսկանյանն ասել էր, որ Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի դեսպանատան միջև ընկած տարածքում հանրահավաք անողներին առաջարկվել է իրենց միջոցառումը տեղափոխել այլ վայր՝ «Դինամո» մարզադաշտ կամ Կայարանի հրապարակ, սակայն բացասական պատասխան է ստացվել։ Նա նաև հերքել էր լուրը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կալանքի տակ է։

Իսկ Տիգրան Թորոսյանն ասել էր, որ Մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված, հանրապետության նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարել է արտակարգ դրություն: Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։

Ի՞նչ էր ասել ԱԺ նախագահն ԱԺ արտահերթ նիստում Երևանում արտակարգ դրություն մտցնելու որոշման մասին։

«Ցավոք սրտի, սա մնացած միակ ճանապարհն է: Սա այս իրավիճակում մնացած միակ քայլն է: Այլ բան հնարավոր չէր անել այլևս: Նման որոշումն այդքան հեշտությամբ չի ընդունվել, ինչպես ոմանց կարող է թվալ, որոշումն ամբողջ օրվա ընթացքում օդի մեջ կախված է եղել, ու փորձ է արվել սպասել քիչ թե շատ կարգավորման: Այստեղ ասում են` եկեք այդ մարդուն ասենք`թող գա, ի՞նչ ասենք այդ մարդուն: Եթե որևէ մեկն այդ մարդուն ասելիք ուներ, թող այն ժամանակ ասեր: Ես համաձայն եմ` կատարվում է այն, ինչ այդ մարդը` Լևոն Տեր-Պետրոսյանը, նախապատրաստեց… Ասելիք ունեիք, այն ժամանակ ասեիք: Այն ժամանակ ասեինք` ի՞նչ ես ատելություն, սուտ, կեղծիք, վրեժ մտցնում այս մարդկանց մեջ, մեղք չե՞ն այս մարդիկ… Ի՞նչ ես 9 օր շարունակ օրենքը խախտելով` այս մարդկանց այստեղ հավաքում ու վտանգի տակ դնում:

Ասելու բան ունեիք` ասեիք… Այդ ձողերը մեկը պատրաստել-բերել-բաժանել է, չէ՞: Եթե ուզում ենք լուրջ քննարկում անել, անկեղծ լինենք միմյանց հետ: Ասվում է` երկու կողմերն էլ մեղավոր են, ես նման հայտարարություններ, հատկապես նման դժվար պահերին, չեմ ընդունում: Սա ուղղակի խուսափում է նշանակում: Եթե մի կողմում մի սխալ կա, եկեք այդ սխալի մասին խոսենք, եթե մյուս կողմում մի այլ սխալ կա, եկեք այդ սխալի մասին խոսենք, ոչ թե ուղղակի հավասարության նշան դնենք»,- ի մասնավորի նշել էր նա։

Առաջիկայում, իհարկե, եթե Տիգրան Թորոսյանը և Վարդան Օսկանյանը կրկին հայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում, կարծում ենք, ասելիք կունենան արտակարգ դրությանը նախորդող ժամանակահատվածի և այդ որոշման կայացման մասին։ Ասելիք, որն առանցքային դեր կխաղա Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...