Ներկա Հայաստանում շատերն են խոսում, քչերը՝ բան ասում: Իսկ գործ անողներն ավելի քիչ են:

2018-ին ժողովուրդը, այո, հեղափոխություն արեց, բայց հեղափոխական փոփոխություններ այդպես էլ չստացավ:

Նիկոլ Փաշինյանը լավ հռետոր է, բայց «սոսնձել» չկարողացավ (կամ պարզապես չցանկացավ): Նա մարդկանց վախը կոտրեց. բայց հեղափոխակա՛ն մահակ ձեռքն այդպես էլ չառավ: «Թավիշ» չկար (թավիշը սոսկ շղարշ է). պարզապես իշխանության անցնցում փոխանցում տեղի ունեցավ (սա արդեն պարզ է): Վա՞տ է սա: Չգիտեմ: Քանզի սա չէ ամենակարևորը. այլ այն, թե ինչ է գալիս հետո:

Հեղափոխությունները հեքիաթի պես են. վերջում կամ բարին է հաղթում, կամ ՝ չարը (կամ էլ հեքիաթ պատմողը): Ներկա Հայաստանում «հեքիաթ պատմողը» նայում է «բարուն», հետո՝ «չարին», ու որոշում հաղթանակը տալ … իրեն: Հետո երկրորդ «հեքիաթ պատմող» է հայտնվում՝ նստած ամուր մի սարի ստորոտին ու որոշում իր սեփական «հեքիաթը» պատմել: Կրքերը թեժանում են և սև-սպիտակ «հեքիաթի» կողքին կանաչ «հեքիաթն» է հայտնվում:

Հայաստանի պատմությունն էլ հեքիաթի է նմանվել. «բարի հայը» միշտ «հաղթել» է, բայց «չար թշնամին» այդպես էլ չի պարտվել: Շախմատի լեզվով ասած՝ պատ:

Պատային վիճակ է նաև այսօր. Արցախի հարցում, Ամուլսարի ու այլ հանքերի հարցում, հեղափոխական բարեփոխումների ու լյուստրացիայի հարցում, դատարանների ու սահմանադրական բարեփոխումների հարցում, արտաքին քաղաքականության ու համարյա բոլոր այլ հարցերում:

Ներկա Հայաստանում «բարի սպիտակը» կրկին «հաղթում» է, բայց «չար սևը» այդպես էլ չի պարտվում:

Ի՞նչ անել: Կամ, թերևս, ինչ չանե՛լ:

Բանը հեքիաթի չվերածել. դուրս գալ «բարու ու չարի» հեքիաթային շրջանակից ու պարզապես «տունը» սկսել հիմքից վերանորոգել:

Հայը վաղուց տուն չունի. այլ … շարժական մի վրան (որի վրա «տուն» է գրված): « Տուն» ասելով, այո, պետությունն ի նկատի ունեմ:

Վրանում նստած հեքիաթներ պատմելը գրավիչ է ու դյութող: Վրանի առաջ խարույկ վառելով դա անելն առավել գրավիչ է: Բայց մի օր փոթորիկ է անում ու վրանը (հեքիաթների հետ) քշում-տանում:

Հայի պատմության մեծ մասը վրանում պատմած հեքիաթի է նմանվել: Ամուր տուն կառուցելու ժամանակն է. սկզբից հիմքը, հետո պատերը, իսկ հետո՝ կտուրը:

Վարազ Սյունի; Նիդեռլանդներ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...